‘Последный большевик по прозвищу Серж’

1974

Современный политик должен быть необычным, эпатажным,

ломающим стереотипы, должен быть большевиком –

иначе это не политик вовсе, а мебель.

Էդուարդ Լիմոնով, ՌԴ նացիոնալբոլշեւիկյան

կուսակցության ֆյուրեր

 

Թե քանի անգամ է Սերժ Սարգսյանն ինքն իրեն լայնախոհ, բարի, նույնիսկ իրեն չընտրած մարդկանց նախագահ ու նրանց ճակատագրերի պատասխանատու երեւակայել հրապարակավ՝ ճիշտ հաջորդ պահին նույնքան հրապարակավ բաժանարար գծելով իր ու իր միջեւ, անհնար է հիշել…

Մարտի մեկից սկսած՝ մարդն այդ գործին է. մեկ հանդուրժողականության, ներման ու սիրո քարոզիչ է, հաջորդ պահին՝ նվնվացողների այլակարծությունը չհանդուրժող տիրան:

Մեկ երիտասարդներին բնակարանով ապահովող, նրանց կրթող, սերունդների կուլտուրական կյանքը կազմակերպող հոգատար հայր է, հաջորդ պահին՝ սեփական երիտհանրապետական դահիճներին խրախուսող արքա:

Մերթ պուրակում հավաքված մարդկանց ու քաղաքապետի մեջտեղում հնչող արդարության ձայնն է, մեկ այլ պահի՝ արդարության ձայնը մեկընդմիշտ լռեցնող քաղտեխնոլոգ:

…Այս առումով, ուրեմն, օրերս քաղաքաշինության նախարարությունում անցկացված «խորհրդակցությունն» էլ բացառություն չէր. ինչպես միշտ՝ մի խորհրդակցություն էր, երկու Սերժ: Հավերժակա՛ն երկվություն…

Այնտեղ, ուր պաշտոնական տեքստն էր՝ այդտեղ ծովածավալ հանդուրժողականության տեր Սերժ Սարգսյան էր եւ կատարյալ հնազանդություն՝ գլխավորելու մի երկիր, որտեղ «ոչ մեկը չի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը»: Մյուս կողմում, որտեղ իր իսկական էությունն էր, հազա՛ր անգամ ճիշտ էր գեներալ Մանվելը, կարմրադարչնագույն բոլշեւիկն էր մոլեգնում…

«Որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սեւացնում են ե՛ւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ մեր աշխատանքը»,- անկեղծացել է Սերժ Սարգսյանը՝ ստիպելով, որ մենք էլ մե՛ր հերթին անկեղծանանք:

Եւ այսպես՝ ու՞մ է մեղադրում Վերջին  բոլշեւիկը:

Որոշ հեռուստաընկերությունների՞: Իսկ ովքե՞ր են դրանք, ներեցե՛ք: Քանի՞ հեռուստաընկերություն գիտեք այս երկրում, որ կարող են փոքր-ինչ չափն անցնելու դեպքում թույլիկ չդիտարկվել ու դեն չշպրտվել: Սերժ Սարգսյանն ինքն իրե՞ն, թե՞ առանց այդ էլ  նույնիսկ իրենից քաջատեղյակ կոնկրետ շրջանակների է ուղերձ հղում առ այն, որ մեզանում դեռ չվերահսկվող հեռուստաընկերություններ էլ կան:

Մի՛ ծիծաղեցրեք՝ ուշաթափության աստիճան, խնդրեմ: Էդ կողմերում բոլոր ծտերն արդեն վաղուց չեն էլ համարձակվում մտքի կորեկ երազել եւ բավարարվում են նրանով, ինչ Բաղրամյան 26-ից է իջեցվում իրենց համար…

Հաջո՞րդ թիրախային խումբն ով է:

Տասնյակ կայքեր՝ պարզվում է:

Դե՛ ներեցեք, պարո՛ն բոլշեւիկ, որ հարյուրավոր ձեր կայքերի կողքին, ասենք, մեկ-երկու ընդդիմադիր կայք էլ են համարձակվում շնչել, ժամանակ առ ժամանակ իր «մենշեւիկյան գոյությամբ» թունավորելով ձեր «բոլշեւիկյան եռուզեռը»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր տարբերակը պնդեք,  կթվարկե՞ք տասնյակ կայքերի անունները: Պատկերացրեք՝ դա մեզ ահագին կմխիթարի եւ ուժ կտա ե՛ւս մի փոքր դիմանալ ձեր ռեժիմին: Մինչեւ որ տեսնենք…

Ինչ վերաբերում է չորս խորհրդարանական եւ բազմաթիվ արտախորհրդարանական՝ ցեխ շպրտող ու իշխանությանը սեւացնող կուսակցություներին, անկեղծ ասած, եթե նույնիսկ քննադատությունը ցեխ շպրտել համարենք, Սերժ Սարգսանը դեռ պիտի շնորհակալ լինի նրանցից՝ Վազգեն Մանուկյանի պես իր «չափարները» չջարդելու համար: Մի բան, որ ժողովուրդը տխուր նախադեպ ստեղծելով՝ հաստա՛տ էր պատրաստ անել դեռ անմիջապես մարտի մեկից հետո ընկած ժամանակահատվածում:

Երկնքից կրա՞կ եք ուզում՝ ի՛նչ է…

Ինչ վերաբերում է տասնյակ քաղաքական գործիչներին, վախենամ՝ Բաղրամյան 26-ում նրանցից լա՛վ են գլուխ հանում: Օրինակ՝ մեկին աշխատանք են խոստանում, հաճախ այցելում, մյուսին պահում ընդդիմադրի թեժ գծում:

Ինչպես ասում են՝ այս հարցում բոլշեւիկներին ոչնչով չենք կարող օգնել: Իրենք էլ գլուխ կհանեն, թե ով քանի զրո արժե՝ ինչպես ժամանակին Արտաշես Մամիկոնովիչի զրոների քանակն էին վիճարկում:

Այլ բան է, որ մինչ այդ ամբողջ տեղեկատվությունը հասցնեն «կոմպլեկտավորել՝ հրապարակային մատուցման համար», շատ ուշ լինի, եւ վերջին բոլշեւիկն ընդմիշտ լքի ասպարեզը…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանի 700 աշխատակիցներ դուրս են եկել ընդդեմ «կուտակայինի» (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. Հայաստանը մտադիր է մարտկոցներ մատակարարել «ԱվտոՎազ» և «ԿԱՄԱԶ» գործարաններին’