‘ԱԱԾ. «Հայրիկյանի գործն» ամբողջությամբ բացահայտելու համար կան օբյեկտիվ նախադրյալներ ‘

831

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:

Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուցմունքների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը: 

 

Նախորդ հոդվածը‘Բաշար Ասադը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյանն ու Վ.Կարապետյանը հանդիպել են դեսպան Տալիավինիին ‘