‘ԱԱԾ պետք է լրջորեն ուսումնասիրի Յունիբանկի կողմից կատարվող ֆինանսական հոսքերով. Մանվել Տեր-Առաքելյան ‘

1549

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լրջորեն զբաղվի Յունիբանկի կողմից կատարվող ֆինանսական հոսքերով: Այս մասին հուլիսի 1-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը:

Նրա խոսքով, նույն անվանումով բանկ է գործում նաև Ադրբեջանում, ինչի կապակցությամբ էլ իր կողմից ղեկավարվող ընկերությունը հունիսի 10-ին դիմել է հանրապետության ԱԱԾ-ին, որպեսզի հետաքննվի այդ փաստերի միմյանց հետ կապակցվածությունը: Մանավանդ, շարունակել է Տեր-Առաքելյանը, որ աշխարհում չի կարող լինել միևնույն անվանումով երկու բանկ: Բացի այդ, ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի նաև Նիդերլանդների քաղաքացի Ուգո Մինդրելհաուդենի անձը, ով 7 տարիներ շարունակ (2000-2006 թթ.) հանդիսանում էր ադրբեջանական խոշորագույն բանկերից մեկի տնօրենների Խորհրդի նախագահը: Եվ հանկարծ, չգիտես թե ինչու, նա թողնում է այդ աշխատանքն ու տեղափոխվում Երևան, դառնալով Յունիբանկի ներքին աուդիտի և ռիսկերի դեպարտամենտի ղեկավարը: «Դա նույն , որ հիմա իմ գործադիր տնօրենը տեղափոխվի Բաքու և այնտեղ սկսի վաճառել խինկալի, ինչը, պարզապես, անհավատալի է»,- գտնում է Տեր-Առաքելյանը, հիշեցնելով, որ ներքին աուդիտի դեպարտամենտը գործնականում զբաղվում է ֆինանսական բոլոր հոսքերի ուսումնասիրությամբ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ Յունիբանկն ունի 2 մասնաճյուղ: Հետաքրքրական է, շարունակել է Տեր-Առաքելյանը, որ հունիսի 20-ին բանկն իր պաշտոնական կայքից հեռացրել է Նիդերլանդների այդ քաղաքացու վերաբերյալ բոլոր տվյալները: Համապատասխան հարցումն ուղարկվել է Հայաստանի ԱԱԾ-ին, որտեղից արդեն 20 օր է, որ ոչ մի պատասխան չկա:

Նա նշել է, որ ԱԱԾ չի կարող չհետաքրքրել նաև բանկի մասնակցությամբ հերթական օֆշորային սկանդալը: Ընթացիկ տարվա սկզբին բանկի բաժնետոմսերի 43%-ը պատկանում էր Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված անձին, իսկ 12,285%-ը`բանկի սեփականտեր Գագիկ Զախարյանին ու նրա գործընկերոջը`ոմն Պեսկովին: Այնուհետև բոլորն էլ իրենց բաժնետոմսերը վաճառել են, ընդ որում, Կիպրոսի օֆշորում գտնվող այդ նույն ընկերությանը: Արդյունքում ստացվում է, որ Գագիկ Զախարյանը բաժնետոմսերն ինքն իրեն է վաճառել ու ստացել լուրջ միջոցներ, շարունակելով մնալ բանկի սեփականտերը: «Բոլորս էլ հիշում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը, բայց ի՞նչ տարբերություն կա երկու գործարքների միջև»,- հարցադրում է Տեր-Առաքելյանը:

 

Յունիբանկի և «Հին Էրիվան» Հոլդինգի միջև կոնֆլիկտը իրավական հարթությունից տեղափոխվել է քրեական դաշտ: Թե Յունիբանկի գործադիր տնօրեն Վարդան Աթայանը, և թե «Հին Էրիվանի» սեփականատր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել են իրավապահ մարմիններին, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը միջնորդում է քրեական պատասխանատվության ենթարկել մյուսին: Դատական լսումներն ընթանում են Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ավելի վաղ Տեր-Առաքելյանն իր բազմաթվ հարցազրույցներում նշել էր, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել հատուկ նպատակով, ակնարկելով բանկի կողմից իր ընկերության նկատմամբ ռեյդերային զավթման կազմակերպումը, որն իրականացվում է ինչ-որ կանադահայերի ու հայ պաշտոնյաների խմբի միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը զուրկ է որևէ տրամաբանական հիմնավորումից ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի Մարտին Շուլցը կրկին կգլխավորի Եվրախորհրդարանը’