‘ԱԱԾ. 168-ի լրագրողը լուր է հորինել ՀՀ-ում իբր կազմակերպվելիք ահաբեկչության մասին’

1595

Բացատրության տալու նպատակով ԱԱԾ է կանչվել «168 ժամ» օրաթերթի լրագրող Ավետիս Բաբաջանյանը, որի հեղինակած հրապարակումներից մեկում նշվում էր, թե Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ։

«168 ժամ» թերթի հունվարի 28-29-ի համարում «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»: 

Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից և Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն: Հոդվածի, մասնավորապես «իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…» դարձվածքի վերաբերյալ տվեց հետևյալ գրավոր բացատրությունը. «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որևէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որևէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել»», — ասվում է ԱԾ հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Գևորգ Կոստանյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է’