ԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

333

Հայաստանի ներկայացուցիչ, 22-ամյա Հայկ Մ․ Մարտիրոսյանը նվաճեց Ալմաթիում ավարտված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Նա 21 հնարավորից վաստակեց 15 միավոր։

Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Չեմպիոնի տիտղոսը 6-րդ անգամ նվաճեց համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը՝ 16 միավոր։  Նորվեգացի գրոսմայստերը նվաճել էր նաեւ արագ խաղի աշխարհի չեմպիոնի կոչումը, չորրորդ անգամ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում ամենաբարձր արդյունքը ցույց տվեցին Զավեն Անդրիասյանը (32-րդ տեղ), Տիգրան Լ․ Պետրոսյանը (33-րդ տեղ) եւ Շանթ Սարգսյանը (38-րդ տեղ), որոնք վաստակեցին 12,5-ական միավոր։

Կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Էլինա Դանիելյանը՝ 14-րդ։ Նա 17 հնարավորից վաստակեց 10,5 միավոր։

Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն դարձավ 18-ամյա ղազախ Բիբիսարան Ասաուբաեւան՝ 13 միավոր։

Նախորդ հոդվածըԿարմիր խաչի ուղեկցությամբ երկու հիվանդ է տեղափոխվել ՀՀ
Հաջորդ հոդվածը«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը սկսեց գոլային գրոհը (տեսանյութ)