ԱԱ․ 12-րդ օրը Դավիթ Չալոյանը կմենամարտի տիտղոսի համար

877

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են եզրափակիչ մենամարտերը: Նոյեմբերի 5-ին տեղի կունենան 48 կգ, 54 կգ, 60 կգ, 67 կգ, 75 կգ, 86 կգ եւ +92 կգ քաշային կարգերի եզրափակիչները:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի եզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը:

+92 կգ քաշային կարգի եզրափակիչում 24-ամյա բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ  տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին եւ ապահովեց առնվազն փոխչեմպիոնի կոչումը:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել է 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի մյուս անդամներից մեդալ նվաճեց միայն Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ): Կիսաեզրափակիչում  Բաչկովը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Նախորդ հոդվածըՄամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» տանը չհաղթեց «Բուդյո-Գլիմտին», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)