ԱԱ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային (տեսանյութ)

340

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0: 

Հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիան (77 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն 2 հարված կատարեց դարպասին, իսկ Մարոկկոն կարողացավ 3 անգամ հարվածել դարպասին։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Մարոկկոն՝ 3:0 (տեսանյութ

Իսպանիայի թիմի հենց առաջին հարվածն անհաջող էր։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Պաբլո Սարաբիան հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։ ՊՍԺ-ի երկրորդ ներկայացուցիչն էլ ձախողեց։ 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերի հարվածից հետո սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բոնոն։ Իսպանիայի երրորդ հարվածն էլ ձախողեց «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Մարոկկոյի թիմից 11-մետրանոցները հաջող իրացրեցին իտալական «Սամպդորիայի» 26-ամյա կիսապաշտպան Աբդելհամիդ Սաբիրին, Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը եւ ՊՍԺ-ի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։

Վրիպեց միայն «Քաթար Էս Սի» ակումբի 29-ամյա պաշտպան Բադր Բենուն։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Մարոկկո — Իսպանիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 3-0) (տեսանյութ)

Հիշեցնենք, որ Մարոկկոն դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա — Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: Պորտուգալացիներն ու շվեյցարացիները կմրցեն դեկտեմբերի 6-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նախորդ հոդվածըԻրան․ «Ոչ մի փոփոխություն»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Պորտուգալիան 1/4 եզրափակիչում է՝ 6:1 հաղթանակ (տեսանյութ)