ԱԱ-2022-ի մասնակիցները. Լեհաստանի հավաքականին հեշտ ճանապարհ չի սպասվում

348

Լեհաստանի հավաքականը մարտին անցումային խաղեր անցկացրեց Շվեդիայի հետ: Մինչև վճռորոշ խաղերի անցկացումը եղավ գլխավոր մարզչի փոփոխություն. Պաուլո Սոուզայի փոխարեն հավաքականը գլխավորեց Չեսլավ Միխնևիչը, և կարողացավ հաղթահարել իր առջև դրված բավականին լուրջ մարտահրավերը: Շվեդիայում 0-1 հաշվով պարտվելուց հետո լեհերը պատասխան խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին սկանդինավյան թիմի դարպասն ու քամբեքի շնորհիվ ուղևորվում են Կատար:

Թիմի կազմը հիմնված է վետերանների ու երիտասարդների վրա. Վոյցեխ Շեսնին, Կամիլ Գլիկը, Գժեգոժ Կրիխովյակն ու Ռոբերտ Լևանդովսկին իրենց փորձն են փոխանցելու երիտասարդ ու տաղանդավոր Նիկոլա Զալևսկիին, Յան Բեդնարեկին ու Պիոտր Զելինսկիին: 

Միխնևիչի գլխավորությամբ Լեհաստանը տակտիկապես ճկուն է դարձել: 52-ամյա մասնագետը տարբեր սխեմաներ է փորձարկել։ Վերջին շրջանում լեհերը խաղում են 3-5-2 մարտավարությամբ, բայց նույնիսկ խաղի ընթացքում թիմը կարող է փոխել մարտավարությունը՝ անցնելով 4 պաշտպանով խաղի: 

Լեհաստանը պաշտպանվում է ցածր բլոկով և հակված չէ դիմավորել մրցակցին դաշտի միջին հատվածում: Երբ լեհերը խաղում են 3 կենտրոնական պաշտպանով, առանց գնդակի այդ սխեման վերածվում է 5 պաշտպանի՝ լատերալները դառնում են եզրային պաշտպաններ, և թիմը, փաստացի, անցնում է երկշերտ պաշտպանության. 8 ֆուտբոլիստներ իրենց տուգանային հրապարակում/մատույցներում դիմավորում են մրցակցին: Մրցակիցը մեծ դժվարություններ չի ունենում տուգանային հրապարակ հասնելու հարցում, բայց այնտեղ մտնելը չափազանց բարդ է:

Լեհերի ամենավտանգավոր կողմը հակագրոհներն են: Երբ նրանք խլում են գնդակը, կայծակնային արագությամբ պոկվում ու գտնում են մրցակցի խոցելի կողմերը: Այս առումով նրանք անհարմար մրցակից են դիրքային գրոհներ կազմակերպող թիմերի համար:

Չեսլավ Միխնևիչը Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 2022-ի փետրվարին: Նա շատ լավ ծանոթ է լեհական ֆուտբոլին. ժամանակին խաղացել է Լեհաստանի հավաքականում՝ դարպասապահի դիրքում: Մարզչական կարիերայում մարզել է բազմաթիվ լեհական թիմեր («Լեխ», «Պոգոն», «Տերմալիցա», «Լեգիա» և այլն), ինչպես նաև՝ Լեհաստանի Մ21 հավաքականը:

Լեհաստանի հավաքականի գլխավոր աստղը Ռոբերտ Լևանդովսկին է ավելի քան մեկ տասնամյակ: «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվողը ոչ միայն իր ժամանակի, այլև Լեհաստանի հավաքականի ու լեհական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից է (12 անգամ՝ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ), իր սերնդի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը: Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անցկացրած 134 խաղում խփել է 76 գոլ:

Լևանդովսկին 2 տարի անընդմեջ ստացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, նվաճել է ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, 2021-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում երկրորդն էր, 2022-ին՝ 4-րդը: 2020-ին չեղարկվեց անհատական գլխավոր մրցանակը, այլապես Լևան, շատ մեծ հավանականությամբ, կնվաճեր նաև այդ մրցանակը: 7 անգամ Լևանդովսկին դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, իսկ թիմային մրցանակների առումով հարձակվողը նվաճել է հնարավոր ամեն ինչ: «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո էլ նա փայլում է ու միանձնյա գլխավորում է Լա լիգայի ռմբարկուների ցանկը:

Լեհաստանի հավաքականն ընդգրկված է C խմբում, և թիմի հիմնական նպատակը խմբից դուրս գալն է: Այստեղ կա ընդգծված ֆավորիտ՝ Արգենտինան, որն արդեն 35 խաղ անընդմեջ անպարտելի է: Լեհերի գլխավոր մրցակիցը Մեքսիկայի հավաքականն է, որն իր խաղամակարդակով քիչ թե շատ հավասարազոր թիմ է: 

Ամենահավանական սցենարով Լեհաստանը դուրս կգա խմբից 2-րդ տեղով: C խմբի երկրորդ տեղը զբաղեցրած թիմը մրցելու է D խմբի հաղթողի դեմ: D խմբի ֆավորիտը աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է:

Այսպիսով՝ Լեհաստանի հավաքականին, անկախ ամեն ինչից, հեշտ ճանապարհ չի սպասվում, բայց այս թիմն ունի փորձառու մարզիչ, հստակ խաղաոճ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին և մեծ ցանկություն՝ ավելի լավ մրցաշար անցկացնելու:

Նախորդ հոդվածըԳերմանիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել UBS բանկի մասնաճյուղերում
Հաջորդ հոդվածըՃապոնիան հայտարարել է ԿԺԴՀ-ի կողմից, հավանաբար՝ բալիստիկ հրթիռ արձակելու մասին