ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները կարող են զարդարել Մունդիալը

349

Նիդերլանդների հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեց Ֆրանկ դե Բուրի գլխավորությամբ, իսկ մրցաշարի ավարտին ազգային թիմն արդեն առաջնորդում էր Լուի վան Գալը: Խմբում մրցակիցներն էին Թուրքիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Լատվիայի ու Ջիբրալթարի հավաքականները: «Նարնջագույնները» որակավորման մրցաշարի միակ պարտությունը կրեցին առաջին տուրում՝ 2-4 հաշվով զիջելով Թուրքիային: Դրանից հետո Նիդերլանդները հաստատեց խմբում ֆավորիտի կարգավիճակն ու վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը՝ 10 խաղում վաստակելով 23 միավոր:

Նիդերլանդների հավաքականը տակտիկապես շատ ճկուն թիմ է: Ֆրանկ դե Բուրի ժամանակ նրանք գերազանցապես խաղում էին 3-4-3 խաղային սխեմայով: Լուի վան Գալը որակավորման փուլի խաղերում և Ազգերի լիգայի հանդիպումների ժամանակ պահեց այս գիծը: Սակայն մասնագետներն ու փորձագետները ամենևին էլ անակնկալի չեն գա, եթե բազմափորձ մասնագետը նախընտրի Մունդիալի ընթացքում խաղալ իր հին ու բարի 4-3-3-ով: 

Վան Գալն իր տրամադրության տակ ունի խաղացողների, որոնք եզրի ամբողջ երկայնքով կարող են հրաշալի խաղալ: Այդ պատճառով էլ թերևս ավելի օպտիմալ է թվում 3 պաշտպանով ու երկու լատերալներով սխեման: Աջ եզրում Վան Գալն ունի փայլուն տարբերակ ի դեմս Դենզել Դյումֆրիսի: Նա նախորդ խոշոր մրցաշարի՝ Եվրո-2020-ի բացահայտումներից էր: Ձախից կարող է խաղալ Թայրել Մալասիան, որը Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, կարծես թե, ընտելացել է «Մանչեսթեր Յունայթեդում» ու շատ խաղաժամանակ է ստանում: Թե՛ աջից, թե՛ ձախից կան նաև այլ տարբերակներ. Դեյլի Բլինդ, Յուլիան Տիմբեր: Նրանց ներկայությունը մանևրելու հնարավորություն է տալիս Վան Գալին: 

Հոլանդացի մարզիչը փորձելու է պահել նիդերլանդական ֆուտբոլին բնորոշ տարրերը խաղում: Այս հավաքականը պետք է խաղա գնդակով: Դրա համար նրանք ունեն հրաշալի խաղարկողներ: Գնդակի վերահսկողություն, կոմբինացիոն ու գեղեցիկ ֆուտբոլ. ահա, թե ինչ կարելի է սպասել Նիդերլանդների հավաքականից:  

Լուի վան Գալը Նիդերլանդների հավաքականի հետ պատմություն կերտած մասնագետ է: Երկրպագուները միանգամից հիշում են Մունդիալ-2014-ը: Աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակում այդ մրցաշարին մոտեցած հավաքականը հրաշալի խաղաց՝ ճանապարհին քարուքանդ անելով գործող չեմպիոն Իսպանիային: 

Նիդերլանդների հավաքականում ընդգծված աստղ չկա: Ընտրությունն էլ փոքր չէ, սակայն երկար քննարկումներից հետո այն կանգ առավ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի վրա:

Վան Դեյքը պաշտպանության կենտրոնում հավանաբար կխաղա Մատեյս դե Լիխտի և Նաթան Ակեի հարևանությամբ: Թե՛ դե Լիխտը, թե՛ Ակեն լավ տպավորություն են թողնում այս մրցաշրջանում: Կա նաև Ստեֆան դե Վրեյի տարբերակը: 

Հավաքականում կա նաև Ֆրենկի դե Յոնգը, որը ևս կարող էր լինել գլխավոր աստղը: Սակայն նրա շուրջ ստեղծված իրավիճակը, անկայուն խաղաժամանակը ստիպում են ընտրել Վան Դեյքին:

Նիդերլանդների հավաքականը Մունդիալին մոտենում է առանց Ջինի Վեյնալդումի: Եթե սա լիներ Եվրոյի ժամանակ, ապա դա լրջագույն կորուստ կլիներ: Սակայն հիմա Վեյնալդումի բացակայությունը Նիդերլանդներում դժվար թե զգան: Թիմում կան բազմաթիվ երիտասարդ, հեռանկարային խաղացողներ: Կոդի Գակպոն հրաշալի մրցաշրջան է անցկացնում ՊՍՎ-ի կազմում:

2018 թվականին Նիդերլանդները բաց թողեց Մունդիալը: Նրանք այս մրցաշարին ժամանելու են մեծ ցանկությամբ ու խմբում ֆավորիտի կարգավիճակում: Մրցակիցներն են Կատարը, Սենեգալը և Էկվադորը: Այս խմբից նրանք պետք է որ հեշտությամբ դուրս գան: 

Նախորդ հոդվածըԷրդողանը ողջունել է Պուտինի որոշումը Խերսոնի մարզի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԿրիշտիանո Ռոնալդուն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին օրերի և Փոլ Սքոուլզի մասին