ԱԱ-2022. Ճապոնիան հաղթեց Իսպանիային, 2 թիմերն էլ փլեյ-օֆֆում են, Գերմանիան դուրս մնաց (տեսանյութ)

252

Աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին F խմբում ընդգրկված թիմերը։

Ճապոնիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ եւ առաջին տեղից դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։

Ճապոնիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց 48-րդ րոպեին գերմանական «Ֆրայբուրգի» 24-ամյա կիսապաշտպան Ռիցու Դոանի գոլի շնորհիվ։ Արդյունավետ փոխանցումը կատարեց ֆրանսիական «Ռեյմսի» 29-ամյա հարձակվող Ձյունյա Իտոն։

3 րոպե անց Ճապոնիայի հաղթական գոլը խփեց գերմանական «Դյուսելդորֆի» 24-ամյա կիսապաշտպան Աո Տանական անգլիական «Բրայթոնի» 25-ամյա կիսապաշտպան Կաորու Միտոմայի փոխանցումից հետո։

Ճապոնիան վաստակեց 6 միավոր, իսկ Իսպանիան 4 միավորով նահանջեց երկրորդ տեղ՝ նույնպես նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։

Գերմանիայի հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի թիմի նկատմամբ։

Արդեն 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 27-ամյա հարձակվող Սերժ Գնաբրին։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռաումը։

58-րդ րոպեին Կոստա Ռիկայի պատասխան գոլը խփեց Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդան։ 70-րդ րոպեին կոստառիկացիներին առաջ մղեց կոլումբական «Միլյոնարիոսի» 27-ամյա պաշտպան Խուան Վարգասը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, որն աչքի ընկավ 73-րդ եւ 85-րդ րոպեներին։ Ավելացված առաջին րոպեին էլ Բրեմենի «Վերդերի» 29-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը խփեց Գերմանիայի չորրորդ գոլը։

Գերմանիայի հավաքականը 4 միավորով գրավեց երրորդ տեղը՝ Իսպանիայից հետ մնալով խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ․ Գերմանիա՝ 6:5, Իսպանիա՝ 9:3:

Գերմանիայի հավաքականը 2014-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո երկրորդ առաջնությունում անընդմեջ չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը։

1/8 եզրափակիչում Ճապոնիայի հավաքականը դեկտեմբերի 5-ին կմրցի F խմբում երկրորդ տեղը գրաված աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, Իսպանիայի մրցակիցը դեկտեմբեի 6-ին կլինի F խմբի հաղթող Մարոկկոն։

ԱԱ-2022, երրորդ տուր

F խումբ

Ճապոնիա — Իսպանիա՝ 2:1 (տեսանյութ)

Ռիցու Դոան, 48, Աո Տանակա, 51 — Ալվարո Մորատա, 11

Կոստա Ռիկա — Գերմանիա՝ 2:4 (տեսանյութ)

Ելցին Տեխեդա, 58, Խուան Վարգաս, 70 — Սերժ Գնաբրի, 10, Կայ Հավերց, 73, 85, Նիկլաս Ֆյուլկրուգ, 90+1

Մրցաշարային դրություն․ Ճապոնիա՝ 6 միավոր, Իսպանիա՝ 4, Գերմանիա՝ 4, Կոստա Ռիկա՝ 3։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը փլեյ-օֆֆում են, Բելգիան լքեց պայքարը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները