ԱԱ-2022. Նիդերլանդներն ու Սենեգալը 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

328

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց պայքարը: Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթեց ընդունող երկիր Կատարի թիմին, իսկ Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը թեժ մրցապայքարում առավելության հասավ Էկվադորի նկատմամբ՝ 2-1:

Կատարի դեմ խաղի 26-րդ րոպեին հոլանդացիների կազմում հաշիվը բացեց Էյնդհովենի ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն, որը դարձավ նորամուտի ԱԱ-ում երեք անընդմեջ խաղերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Նիդերլանդների թիմում:

Գակպոն Մունդիալներում խփած գոլերով հավասարվեց Նիդերլանդների հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆին, երկուսն էլ ԱԱ-ում ունեն երեքական գոլ:

49-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հաղթանակն ամրագրեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:

Զուգահեռ ընթացող խաղում 44-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Սենեգալի հավաքականի և անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Իսմայիլա Աարը:

67-րդ րոպեին Էկվադորի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցրել է անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն: 2006 թվականից հետո առաջին անգամ էկվադորցիների կազմում ԱԱ-ում հարձակվող Էներ Վալենսիայից բացի այլ ֆուտբոլիստ գոլ խփեց: Վալենսիան աշխարհի առաջնություններում խփել էր իր թիմի նախորդ 6 գոլերը:

Կայսեդոյի գոլից երեք րոպե անց Սենեգալի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին: 

Այսպիսով, A խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Նիդերլանդների հավաքականը, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Սենեգալի հավաքականը, որը 6 միավորով երկրորդ տեղում հանգրվանեց: Էկվադորցիները չորս միավորով մնացին երրորդ տեղում և Կատարի հետ, որը միավոր չվաստակեց, ավարտեցին պայքարն ԱԱ-2022-ում:

ԱԱ-2022, երրորդ տուր

A խումբ

Նիդերլանդներ — Կատար՝ 2-0 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 26, Ֆրենկի դե Յոնգ, 49

Էկվադոր — Սենեգալ՝ 1-2 (տեսանյութ)

Մոյսես Կայսեդո, 67 — Իսմայիլա Սար, 44, Կալիդու Կուլիբալի, 70

Նախորդ հոդվածըԶինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ ԱՄՆ-ի թիմը պարտության մատնեց Իրանին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)