‘«Աբգար Հինգերորդ»-ն ընդդեմ Ուսամա Բեն Լադենի, Սադամ Հուսեյնի ու …«Յունիբանկ»-ի’

936

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ և դատավորներ Լևոն Գրիգորյանի և Արմեն Թումանյանի մասնակցությամբ, քննում է քաղաքացիական գործ, որով «կարմիր թելի» պես անցնում է Բեն Լադենը:

Հայցի նախապատմությունը հետևյալն է՝ հայցվորն իր ծանոթներից տեղեկացել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա հայտնի ահաբեկիչ Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված են հայցվորի և փաստաբան Հայկ Հարությունյանի լուսանկարները, որոնց վերևում զետեղված է հրաման՝ «Ստորև նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու /ՄՀ/ կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն /ՀԴՈ/ կատարելու համար»:

1. Հայկ Հարությունյան /ՀԴՈ/
2. Վարդան Աթայան /ՀԴՈ/
3. Բեն-Լադեն /ՄՀ/
4. Սադամ Հուսեյն /ՄՀ/

Ծանոթություն – վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում։

Հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողի կողմից իր և իր մերձավորների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելը պայմանավորված է հայցվորի աշխատանքային գործունեությամբ, վերջինս «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահն է՝ ներկա դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան» հոլդինգ ՍՊԸ-ի միջև առկա վարկային հարաբերություններից ծագող քաղաքացիաիրավական վեճերով կան մի շարք դատական գործեր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, 12.10.2012թ. պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու մասին հայցի գործով վճռել էր պարտավորեցնել պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն հայցել հայցվոր Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելով:

Վճռով «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Աթայանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար և 14000 ՀՀ դրամ, որպես վերջինիս կողմից դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից տարածած «Հրաման» վերտառությամբ տեղեկությունում տեղ գտած որպես «հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող սուբյեկտ Վարդան Աթայանին որակելը արատավորում է հայցվորին, քանի որ նրան վերագրվող արարքներն իրենց բնույթով հանցագործություններ են։ Հանցագործությունը՝ որպես հանրության կողմից պարսավելի արարք, չի կարող չարատավորել այն անձին, ում վերագրվում է նման արարքի կատարումը։ Ավելին` հայցվորի վերաբերյալ կատարված արտահայտությունները զուգորդվել են նրա լուսանկարը Բեն Լադենի լուսանկարի կողքին փակցնելով։ «Հանրահայտ փաստ է, որ վերջինս եղել է ահաբեկիչ և կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Հայցվորը, հանդիսանալով բանկային համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով որոշակի սոցիալական և պաշտոնական դիրք, կարող է երրորդ անձանց կողմից ընկալվել որպես սուբյեկտ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է հակաիրավական արարքներ»,- նշվում է դատարանի վճռի պատճառաբանական մասում։

Դատարանը գտել էր նաև, որ «Հրամանում» տեղ գտած արտահայտությունները նպատակ են հետապնդել նսեմացնելու հայցվորի հեղինակությունը և նվաստացնելու նրան։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Նախորդ հոդվածը‘ԺՀԿ հիմնադիր անդամներ. Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Մենք հասկացանք, որ ահագին տարբեր են Սերժ Սարգսյանները’