‘Աբդեսլամը մտադիր է դատի տալ դատախազին’

1242

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի բելգիացի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդը մտադիր է Ֆրանսիայի դատախազի դեմ բողոքով դիմելու դատարան,  քանի որ դատախազ Ֆրանսուա Մոլինն նրա մասին գաղտնի տեղեկություն  է հրապարակել:

Որպես օրինակ՝ նա մեջբերել է դատախազի խոսքն այն մասին, թե Աբդեսլամը ցանկացել է մարզադաշտի մոտ պայթեցնել ինքն իրեն, սակայն վերջին պահին միտքը փոխել է:

RTFB հեռուստատեսությանը տված հարցազրույցում փաստաբանը դատախազի խոսքը որակել է որպես «խախտում» և հայտարարել, որ այդ սխալը չի կարող անհետևանք մնալ:

Ֆրանսիան սպասում է, որ Բելգիայում ձերբակալված Սալեհ Աբդեսլամը կտեղափոխվի Ֆրանսիա, և նրա դատավարությունը կկայանա հենց Ֆրանսիայում: Մինչդեռ կասկածյալի փաստաբանը հայտարարել է, որ կպայքարի Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու՝ բելգիական իշխանությունների ցանկացած փորձի դեմ:

26-ամյա Սալեհ Աբդեսլամը  Փարիզում նոյեմբերի 13-ին 130 մարդու կյանք խլած հարձակումների՝ ողջ մնացած երկու մասնակիցներից մեկն է: Փարիզյան ահաբեկչական գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլը հայտնվել է ահաբեկիչների ուշադրության կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը Սավչենկոյի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացրել’