Աբեին սպանողն ավելի վաղ փորձել է ինքնասպան լինել

546

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, փորձել է ինքնասպանություն գործել, երբ 2005 թ․ ծառայում էր ինքնապաշտպանության ռազմա-ծովային  ուժերում, Kyodo գործակալությանը պատմել է նրա հորեղբայրը։

Գործակալության տվյալներով՝ երբ 1984 թ․ նրա հայրը ինքնասպան է եղել, մայրն ընդունվել է «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպություն՝ նվիրաբերելով ամուսնու մահվանից հետո հողատարածքի և անշարժ գույքի վաճառքից գոյացած 100 միլիոն իենը (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար)։ 2002 թ․ մայրը սնանկ է ճանաչվել։

Մարդասպանի հորեղբայրը հայտարարել է, որ այդ նվիրատվությունները և հետո սնանկացումը, Յամագամիի կարծիքով, կործանել են իր ընտանիքը և ապագան, նա չի կարողացել ընդունվել համալսարան։ Նա ծառայության է անցել Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմա-ծովային ուժերում և 2005 թ․ ինքնասպանության փորձ է արել, որպեսզի ապահովագրական գումարն ստանան եղբայրն ու քույրը։

Յամագամին համարում էր, որ Աբեն կապ ունի «Միավորման եկեղեցու» հետ, իսկ Աբեի պապը՝ նախկին վարչապետ Նոբուսուկե Կիսին, նպաստել է, որ այդ կրոնական կազմակերպությունը հայտնվի ճապոնիայում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇՀԿ-ն Բելառուսից անդամակցության դիմում է ստացել
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել