‘Աբխազիայի նախկին փոխվարչապետն առաջադրվել է նախագահի թեկնածու’

845

Աբխազիայի ԿԸՀ-ն այսօր գրանցել է նախկին փոխվարչապետ Բեսլան Էշբայի թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն հայտնեց վարչապետ Լեոնիդ Լակերբայային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկեց ինքնակամ հրաժարական տալ: Մայիսի 31-ին խորհրդարանը քվեարկեց օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին և նախագահի պարտականությունները դրեց խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբայի վրա: Հունիսի 1-ին Անկվաբը հրաժարական տվեց:

Երեկվանից Աբխազիայի ԿԸՀ-ն սկսել է նախագահի թեկնածուների առաջադրման նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը:  Գրանցումը կավարտվի հուլիսի 14-ին: Մասնավորապես՝ չորեքշաբթի ԿԸՀ-ն գրանցել է Աբխազիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մերաբ Կիշմարիայի թեկնածության նախաձեռնող խմբին:

Աբխազական օրենսդրության համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվում է քվեարկության օրվանից 60 օր առաջ և ավարտվում դրանից 40 օր առաջ: Ըստ օրենքի՝ թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան և 65-ից ոչ բարձր տարիքի, ազգությամբ աբխազ, նա պետք է նաև աբխազերենի իմացության թեստ հանձնի: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչը կմիավորի իրանցուն եւ հրեային. Ֆուտբոլն ու գարեջուրը. Ֆոտո’