‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Ո՞վ պետք է զբաղվի քաղաքականությամբ ‘

1998

«Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները»՝ Հանրապետականի ներկայացուցիչների կողմից շրջանառության մեջ դրված ձեւակերպումը միայն առաջին հայացքից է թվում հասկանալի եւ իմաստալից: Իրականում դրա մեջ պարունակվում է, միաժամանակ՝ իրավական եւ փաստացի անհեթեթություն, իսկ դրան գումարած՝ նաեւ բավականին թափանցիկ քաղաքական-դեմագոգիկ նախագծի յուրահատուկ նախերգանք:

ՀՀ Սահմանադրություն. քաղաքականությունը բոլորի համար է

Ինչո՞ւ՝ իրավական անհեթեթություն: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի կատարել քաղաքական ընտրություն, 25-ը լրացած ցանկացած քաղաքացի՝ ընտրվել ԱԺ  պատգամավոր, իսկ 35-ից հետո՝ նաեւ ՀՀ նախագահ: Սա նշանակում է, որ Սահմանադրության տեսակետից՝ քաղաքականությունը բոլորի համար է, եւ տարիքայինից բացի՝ չկա իրավականորեն նախատեսված որեւէ այլ սահմանափակում քաղաքական ընտրություն կամ էլ քաղաքական գործունեություն ծավալելու համար: Իհարկե, կասեք, թե քաղաքականությամբ զբաղվելն ու, ասենք, քաղաքական ընտրություն կատարելը տարբեր բաներ են: Իրականում դրանց էական տարբերությունն այնքան էլ հեշտ չէ սահմանել: Քաղաքական ընտրությունն ինքնին քաղաքական գործողություն է, թեկուզ ամենապարզունակ թվացողը, իսկ քաղաքականությամբ զբաղվելու ի՛նչ նշանակելը սահմանելի չէ նույնքան հստակ, որքան, ասենք՝ պատմագիտական հետազոտություն կատարելը կամ էլ ասֆալտ փռելը, այսինքն՝ դա սովորական «աշխատանք» չէ:

Ամեն դեպքում՝ հստակ է, որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում որեւէ սահմանափակում քաղաքականության մեջ ներգրավվելու առումով՝ բացի տարիքայինից, եւ հետեւաբար՝ սահմանում է քաղաքականությունը որպես բոլորի գործ: Լավն է սահմանադրական այս դրույթը թե ոչ, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե ոչ՝ լրիվ այլ հարց է: Դատելով ամենից՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներին այնքան էլ դուր չի գալիս, եւ այդ դեպքում կարող ենք միայն խորհուրդ տալ նրանց դիմել սահմանադրական փոփոխությունների հանձնաժաղովին՝ համապատասխան փոփոխությունների առաջարկով, իսկ մինչ այդ «քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» դրույթը հակասության մեջ է մնում սահմանադրության ոգուն եւ տառին:

Քաղաքականությունը մասնագիտություն չէ

Բայց կասեք՝ իրավական սահմանումը հարցի միայն ձեւական կողմն է, իսկ իրականությանը հնարավոր չէ միայն ձեւական տեսակետից մոտենալ: Պետք է հաշվի առնել նաեւ փաստացի եւ բովանդակային կողմերը: Անշուշտ, դա այդպես է, եւ ուրեմն՝ այժմ դառնանք հենց դրանց: Այս տեսակետից էլ, սակայն, պետք է արձանագրենք, որ խնդրո առարկա ձեւակերպումն անհեթեթություն է: Պատճառը թափանցիկ է՝ քաղաքականությունն առանձին մասնագիտություն չէ: Քաղաքականության դիպլոմ որեւէ տեղ չեն տալիս, եւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ գոյություն չունի «բնության» մեջ: Այսինքն՝ հնարավոր չէ հստակորեն զատել իրարից քաղաքական գործչին եւ ոչ գործչին, կամ էլ՝ քաղաքականությամբ զբաղվելը չզբաղվելուց:

Զանգվածային գիտակցությունը հաճախ շփոթում է քաղաքականությունը քաղաքագիտության հետ: Դրանք, սակայն, լիովին տարբեր են, ինչի մասին «քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» ձեւակերպման հեղինակները, վստահ եմ, որ տեղյակ են: Քաղաքագիտությունը գիտություն է քաղաքականության մասին, որն ուսումնասիրում է եւ վերլուծում է քաղաքականությունը՝ որպես մարդկային գործունեության տեսակ: Կա նաեւ քաղաքական փիլիսոփայությունը, որը նույնպես տարբեր է բուն քաղաքականությունից, եւ ինչպես պարզ է անվանումից՝ փորձում է սահմանել քաղաքականության փիլիսոփայական հիմքերը: Ո՛չ քաղաքագիտությունը, ո՛չ էլ քաղաքական փիլիսոփայությունը քաղաքականություն չեն, եւ այդ երկուսի մասնագետներն ինքնին քաղաքական գործիչ չեն, այլ կարող են ներգրավվել գործնական քաղաքականության մեջ կամ չներգրավվել մյուս բոլորի պես՝ առանց հատուկ արտոնություն ունենալու, ինչպես որ սպորտային մեկնաբանը կարող է ինքը լինել կամ չլինել սպորտսմեն: 

Ոմանք կարող են պատկերացնել, որ քաղաքական գործիչը որեւէ կուսակցության կամ էլ իշխող վերնախավի անդամն է: Բայց դա էլ ոչինչ չասող սահմանում է, որը եթե փորձենք հստակեցնել, փակուղի կմտնենք: Ասենք, կարող ենք ասել, որ իր փաստացի դրությամբ Շարմազանովը, որն այս ձեւակերպումը, կարծեմ, առաջինը տվեց, քաղաքական գործիչ է այնքանով, որ մասնակցում է որոշակի մակարդակի քաղաքական որոշումների կայացմանը կամ էլ իրագործմանը: Բայց դա ընդամենը փաստացի իրավիճակ է, եւ Շարմազանովի ճակատին գրված չէ գործիչ լինելու հանագմանքը, ոչ էլ դա փոխանցվել է նրան գեներով: Նրա տեղը կարող էր լիներ ոմն Հարմազանով, եւ ոչինչ չէր փոխվի: Ու հարցն այն չէ, թե սիրում ենք մենք Շարմազանովին, թե ոչ, կամ ընդունում ենք նրա քաղաքական դիրքորոշումները, թե ոչ, այլ միայն այն, որ չկա որեւէ հստակ չափանիշ, որով կարողանայինք պնդել, թե Շարմազանովը գործիչ է, եւ նրան, ուրեմն, կարելի է զբաղվել քաղաքականությամբ, իսկ մյուսը՝ չէ, եւ հետեւաբար՝ նրան այդ նույնն անել չի կարելի: Եթե ուզում եք, կարող եք Շարմազանովի փոխարեն նույնն ասել այս տողերի հեղինակի մասին՝ դրանից որեւէ բան այս պնդման մեջ էապես չի փոխվի: Ոչ ոք ո՛չ ծնվում է գործիչ, ո՛չ էլ որեւէ տեղ նման մասնագիտացում են տալիս:

Կրթական ցենզը եւ հանրային ճանաչումը

Հանրապետականներն ակնարկում են, որ նման չափանիշ կարող է լինել կրթական ցենզը: Բայց սա էլ դեմագոգիա է: Բացի այն, որ կրթական ցենզ նախատեսված չէ ՀՀ սահմանադրությամբ, սա նույնպես նաեւ փաստացի անհեթեթ մոտեցում է: Նախ՝ կրթված լինելն ինքնին դժվար սահմանելի եւ բավականին պայմանական երեւույթ է: Ի՞նչն ենք վերցնում՝ որպես դրա չափանիշ՝ ձեւական կո՞ղմը, թե՞ բովադակութունը: Ենթադրենք՝ ձեւականը: Ասենք՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն բարձրագույն կրթություն ունեցողները: Այդ դեպքում տրամաբանական է նույն միտքը շարունակել մինչեւ վերջ եւ սահմանել, որ գիտության թեկնածուներն ավելի շատ իրավունքներ ունեն քաղաքականության մեջ, քան պարզապես բարձրագույն կրթություն ունեցողները, իսկ դոկտորներն՝ ավելի, քան թեկնածուները: Շատ լավ, բայց այդ դեպքում քաղաքական վերնախավը պետք է հենց այսօր ամբողջությամբ վերադասավորվի՝ ըստ յուրաքանչյուրի գիտական աստիճանի: Այդ դեպքում՝ ամենից քիչ խնդիր կունենա ՀԱԿ-ը, բայց արդյո՞ք մյուսները կհամաձայնեն նման տարբերակի:

Իսկ եթե վերցնենք կրթության բովանդակային կողմը, ապա է՛լ ավելի կխճճվենք: Ո՞ր ոլորտներում կրթություն ստացածներն են առավել արժանի քաղաքականությամբ զբաղվելու՝ բժիշկնե՞րը, պատմաբաննե՞րը, ֆիզիկոսնե՞րը, թե՞ սննդի տեխնիկում ավարտածները: Ինչպե՞ս ենք որոշելու յուրաքանչյուրի իրական կրթական ցենզը, արդյո՞ք հավատալու ենք միայն դիպլոմներին, թե՞ պետք է մշակենք հատուկ հարցարաններ եւ քննություններ անցկացնենք: Առանց հավելյալ փաստարկման էլ պարզ է, որ այս ամենն անհեթեթություն է:

Հետեւաբար, եթե ուզում ենք, որ «քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» ձեւակերպումը որեւէ իմաստ ունենա, պետք է, նախ, քաղաքական գործչի հստակ սահմանում տանք, որով կկարողանանք տարբերել նրան մյուսներից, իսկ քանի որ նման սահմանում տալն առավել քան խնդրահարույց է, ապա այդ ձեւակերպումն անիմաստ է նաեւ բովանդակային, փաստացի տեսակետից:

Գործիչ լինելու միակ քիչ թե շատ շոշափելի, բայց այն էլ՝ ոչ մինչեւ վերջ հստակ սահմանելի չափանիշը կարող է լինել հանրության կողմից ճանաչումը՝ որպես այդպիսին: Փաստացի՝ հենց այդպես էլ լինում է՝ քաղաքական գործիչ է համարվում նա, ով հանրության կողմից ճանաչվում եւ ընկալվում է որպես այդպիսին՝ շնորհիվ այլեւայլ հանգամանքների:

Էլիտար «քաղաքականության» նախագիծը

Արդյո՞ք հանրապետականները չեն հասկանում այս ամենը: Կարծում եմ՝ հասկացողը հասկանում է: Խնդիրն այն է, որ իշխող խմբի պնդումները պետք է ոչ թե բառացի հասկանալ, այլ, այսպես ասած՝ գաղտնազերծված: «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» ձեւակերպումը հանրապետական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ քաղաքականության մեջ պետք է, իրենց մտահղացմամբ, այսուհետ լինեն միայն նրանք, ովքեր որեւէ իրական քաղաքական վտանգ չեն ներկայացնում իշխանության համար՝ անշառ, խնդիրներ չառաջացնող զուտ «քաղաքականները»: Իրականում, որքան էլ տարօրինակ է, սա քաղաքականության ապաքաղաքականացման փորձ է, քանզի ուր չկա իրական պայքար իշխանության համար, այնտեղ, մեծ հաշվով, չկա քաղաքականություն: Սա մի նախագիծ է, որով փորձելու են վերջնականապես փակել «էլիտար շղթան»՝ ստեղծելով «համակարգային ընդդիմություն»՝ ի հավելում իշխանության: Այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է, նախ, կանխել զանգվածների մասնակցությունը քաղաքականության մեջ («միտինգների ժամանակն անցել է»), նաեւ նվազեցնել հեղինակավոր անհատների դերը («սուպերլիդերների ժամանակն անցել է»), մանավանդ որ զանգվածային քաղաքականությունը սովորաբար ենթադրում է նաեւ ուժեղ լիդերի/լիդերների առկայություն, եւ քաղաքականությունը վերջնականապես վերածել էլիտար զբաղմունքի «ընտրյալների» համար («քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների համար է»):

Ինչպե՞ս պետք է հակադրվեն սրան հասարակության անդամները: Առաջնային է սահմանադրությամբ ամրագրված՝ յուրաքանչյուրի քաղաքական իրավունքը իրական բովանդակության վերածելը: Սա նշանակում է, որ մարդիկ, որոնք հավակնում են քաղաքական ընտրություն կատարել եւ քաղաքական կարծիք հայտնել, պետք է փորձեն իրապես, այլ ոչ թե միայն մակերեսով դատել եւ հասկանալ ընթացիկ գործընթացները: Դա ամենեւին էլ բարդ չէ եւ հասանելի է ցանկացածին: Իսկ ինչպե՞ս՝ կխոսենք մեկ այլ անգամ:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Նաիրիտցիները, ոստիկանական պատն ու կառավարության անդորրը’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Մանուկյանը «Նուբարաշենի» արյունալի միջադեպին վերաբերող հարցերին պատասխան չունի ‘