‘Աբրահամ Խաշմանյան. Հավաքական գլխավորելը պատիվ է ցանկացած մարզչի համար’

855

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խաշմանյանը խոսել է հավաքականի կազմավորման, ապագա ծրագրերի,  ինչպես նաև հիմնական խնդիրների ու նպատակների մասին:

Պրն. Խաշմանյան, ինչպե՞ս ընդունեցիք Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը գլխավորելու առաջարկը:
Առաջարկն ինչ-որ տեղ անսպասելի էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինձ հրավիրեց խորհրդակցության, որի ժամանակ հայտնեց, որ որոշում է կայացվել ինձ վստահել Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Կարող եմ ասել, որ ոչ միայն Մ-19, այլև տարիքային ցանկացած հավաքական գլխավորելը մեծ պատիվ և պատասխանատվություն է յուրաքանչյուր մարզչի համար: Ինձ վստահվել է այս աշխատանքը եւ ես պարտավոր եմ արդարացնել վստահությունը:  
Հավանաբար Դուք ծանոթ եք Մ-19 տարեկանների հավաքականի այն թեկնածուներին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, իսկ ի՞նչ կասեք արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների մասին:

Ես շատ լավ գիտեմ, թե ինչ խաղացողներ ունենք Հայաստանի ակումբներում:  Նրանցից շատերն այսօր էլ կարող են որպես հավաքականի լիարժեք անդամներ դիտարկվել: ՀՖՖ հավաքականների բաժինն ինձ ներկայացրել է նաև արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը: Սակայն իմ կարծիքով թիմի կորիզը պետք է կազմեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնց կարողություններին մենք ավելի լավ ենք ծանոթ: Եթե մենք ունենանք դիրքային խնդիրներ, այդ դեպքում արդեն կհրավիրենք արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների: Բնականաբար, մենք փորձելու ենք ուշադրության կենտրոնում պահել բոլոր ֆուտբոլիստներին, սակայն երկօրյա հավաքներով, այն էլ հրավիրելով միանգամից 50-60 ֆուտբոլիստի, մենք չէնք կարող լիարժեք պատկերացում կազմել նրանց մասին: Բացի այդ, մեզ մնացել է ընդամենը 7 ամիս և շատ ավելի կարևոր է այս ընթացքում անել այնպես, որպեսզի հավաքականն ունենա սեփական խաղաոճ եւ ձեռագիր: Այդ դեպքում նոր հրավիրվող ֆուտբոլիստներին ավելի հեշտ կլինի մերվել թիմին:

Քանի որ Դուք խոսեցիք թիմի խաղաոճի մասին, հետաքրքիր է՝ արդյո՞ք Մ-19 տարեկանների հավաքականը Ձեր գլխավորությամբ խաղալու է նույն մարտավարությամբ, ինչ ազգայինն ու երիտասարդականը, թե՞ Դուք ձգտելու եք ուրույն ոճ ներարկել թիմին:

Մենք քննարկել ենք այդ հարցը նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի` Վարդան Մինասյանի հետ: Ընդհանրապես, ես միշտ ընտրում եմ սխեման՝ կախված իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կարողություններից: Բայց քանի որ սա ոչ թե իմ թիմն է, այլ առաջին հերթին ազգային հավաքական է, ես պարտավոր եմ հետևել ազգային հավաքականի մարզչական շտաբի ընտրած կուրսին: Ազգային հավաքականը խաղում է հիմնականում 4-2-3-1 մարտավարությամբ, որը ինձ շատ ծանոթ սխեմա է, քանի որ «Գանձասարն» իմ գլխավորությամբ խաղացել է հենց այդ սխեմայով: Երբ տարիքային բոլոր հավաքականները խաղում են նույն սխեմայով և մարտավարությամբ, դա իր դրական ազդեցությունն է ունենում, քանի որ ֆուտբոլիստները, անցնելով ավելի բարձր տարիքային հավաքական, արդեն գիտեն, թե իրենցից ինչ է պահանջվում:

Հայտնի է, որ Ձեզ օգնելու են Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը: Կներկայացնե՞ք  Ձեր օգնականներին:

Արմեն Տոնոյանն իմ օգնականն է «Արարատում»: Ընդհանրապես, նա եղել է իմ օգնականը բոլոր այն տեղերում, որտեղ ես աշխատել եմ: Տոնոյանն ուսանել է Մոսկվայում և շատ կիրթ մասնագետ է: Իր ուղղվածությունն ավելի շատ ֆիզպատրաստվածությունն է, բայց տարիներ շարունակ լինելով մարզչական գործընթացի մեջ՝ հասկանում է նաև մարզչական բնագավառի նրբություններից: Արմեն Կիրակոսյանը եղել է դարպասապահների մարզիչը և իմ օգնականը «Կիլիկիայում» և «Գանձասարում»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ նա երկու անգամ մասնակցել է դարպասապահների սեմինարների նաև արտերկրում: Ես իր աշխատանքը գնահատում եմ բավականին արդյունավետ և, ընդհանրապես, Արմեն Կիրակոսյանին համարում եմ դարպասապահների լավագույն մարզիչներից մեկը Հայաստանում: Ես ընտրել եմ այս մարզիչներին, որովհետև ինձ համար շատ կարևոր է մարդու էությունը, կուլտուրան, մտածելակերպը և որպես անձ՝ մաքուր, կիրթ ու ազնիվ լինելը: Ես արդեն որոշակի փորձ ունեմ և շատ լավ գիտեմ, որ չի կարելի սխալվել մարզչական շտաբի ընտրության հարցում:     

Ի՞նչ  է պետք այս կարճ ժամանակում առավելագույն արդյունք ի հասնելու համար:

Նախ, շատ բարձր մակարդակի վրա պետք է լինի կազմակերպչական աշխատանքը: Շատ կարևոր է, որ մենք ունենանք ինֆորմացիա մեր մրցակիցների մասին, որպեսզի կարողանանք ճիշտ պատրաստվել նրանց դեմ հանդիպումներին, հասկանալ, թե որոնք են նրանց թերություններն ու առավելությունները: Միաժամանակ, մենք պետք է առաջին հերթին կենտրոնանանք սեփական խաղի վրա և մրցակցին թելադրենք մեր կամքը:

Ինչպե՞ս է ընթանալու ընտրական մրցաշարի նախապատրաստական ծրագիրը և որո՞նք են լինելու մեր նպատակները:

Կազմակերպվելու են երկօրյա հավաքներ, որոնց ընթացում մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ թեկնածուներին: Իհարկե լավ կլիներ, որ հավաքներն ավելի երկար լինեին, որպեսզի կարողանայինք տակտիկական և ֆունկցիոնալ առումով որոշակի աշխատանքներ տանել ֆուտբոլիստների հետ: Հենց այդ պատճառով ես խնդրել եմ ՀՖՖ հավաքականների բաժնից, որ բացի հունիսին Հանքավանում կայանալիք հավաքից մենք հնարավորություն ունենանք մրցաշարից առաջ գոնե մեկ միջազգային խաղ անցկացնել Լեհաստանի կամ Ռումինիայի մակարդակի թիմի հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հնարավորությունները: Եթե խոսենք մեր նպատակների մասին, ապա, որտեղ էլ որ ես աշխատել եմ, իմ նպատակներն անփոփոխ են եղել. բարելավել ընդհանուր թիմային աշխատանքը և խաղալ միայն հաղթանակի համար:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Շատ շուտով պիտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ (թարմացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանի հետ’