‘ԱԳՆ-ին չի՞ բավարարում ներկայիս շենքը ‘

1060

Ասուլիսներից մեկի ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցրել էր, որ ԱԳՆ-ի, կապի և պրանսպորտի նախարարությունների շենքերը չեն կարող վաճառվել և առավել ևս չեն դառնա հյուրանոցներ: Այնինչ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում շենքերի վաճառքը և դրանց շահագործումը որպես հյուրանոց:
Նման հակասական կարծիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար iLur.am-ը դիմել է Պետական գույքի կառավարման վարչության մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանին՝ հղում անելով նաև վերջինիս հայտարարությանը, թե պետական գույք հանդիսացող շենքերը լուցկու տուփ չեն, որ վաճառվեն:

«Այո, ասել եմ՝ նկատի ունենալով, որ պետական գույքը չի կարող վաճառվել առանց կառավարության որոշման, իսկ Պետական գույքի կառավարման վարչությունը որևէ պետական գույքի մասնավորեցմամբ զբաղվում է միայն համապատասխան որոշման առկայության դեպքում: Արման Սահակյանն էլ խոսել է այդ ժամանակ որևէ որոշման բացակայության պայմաններում: Իսկ Նարեկ Սարգսյանն ընդամենը ասել է, որ չի բացառվում այդ շենքերի վաճառքը, բայց չի ասել, որ արդեն կա նման որոշում»,- ասաց նա:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Կոնսերվատորիայի շենքերը նույնպես հանվեն վաճառքի, պետական գույքի կառավարման վարչության մամլո խոսնակը պատասխանել է, թե որևէ որոշում չկա, հետագա զարգացումների մասին կտեղեկացվի, երբ քննարկումներ լինեն, և համապատասխան որոշում կայացվի:

Օրերս iLur.am-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ հաստատել էր, որ կառավարության համապատասխան որոշումով ԱԳՆ-ն տեղափոխվելու է արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում կառուցվող նոր շինություն: Մինչդեռ Մարգարիտա Սարգսյանի կարծիքով՝ ԱԳՆ-ի տեղափոխությունը մեկ այլ շինություն չի ենթադրում այժմյան շենքի վաճառք, թեև նրան հայտնի չէ ներկա շինության ճակատագիրը:

«ԱԳՆ-ին անհրաժեշտ են ժամանակակից պայմաններ, որոնք կբավարարվեն նոր կառուցվող շենքում»,- մեկնաբանելով ԱԳՆ-ի տեղափոխությունը ՝ շեշտեց մամլո խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամի տիկնոջ մերկ լուսանկարների պատմությունը հանգուցալուծվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Հեշտ է կռահել, թե ինչ ավարտ կունենար Այվազյանի գործը ՀՀ դատարաններում. Երվանդ Վարոսյան ‘