‘ԱԳՆ. Իրանի ժողովրդի իրավունքներն անտեսող ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման’

794

Միջուկային խնդրի շուրջ ցանկացած համաձայնագիր, որն անտեսում է Իրանի ժողովրդի իրավունքները, դատապարտված է ձախողման, հայտարարել է Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, այսօր հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը: «Մենք ապագայի մասին կխոսենք միայն այն դեպքում, եթե միջուկային համաձայնագիրը հիմնվի իրանական ժողովրդի իրավունքների նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է ԱԳ նախարարը:

Նոյեմբերի 12-ին Իրանի ԱԳՆ ղեկավարը հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում նշել է, որ Արևմուտքը պետք է վերականգնի Իրանի ժողովրդի վստահությունը՝ ընդունելով երկրի իրողությունները, ապա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ պետք է հիմնված լինեն փոխադարձ վստահության վրա: Զարիֆը նաև նշել է, որ «հիասթափված է Իսրայելի և ԱՄՆ-ում նրա կողմնակիցների այն խոսքերից, թե իրենք տպավորված չեն Ժնևում բանակցությունների վերջին ռաունդում ձեռք բերված զգալի առաջընթացից»:

Նախօրեին Երուսաղեմում ելույթ ունենալով մի միջոցառման ժամանակ՝ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթնյահուն հայտարարել էր, որ «տպավորված չէ» Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային զեկույցից, որի համաձայն՝ այդ երկրի միջուկային ծրագրի ակտիվությունը կտրուկ նվազել է: Նրա խոսքերով՝ Իրանը չի ընդլայնում իր միջուկային ծրագիրը, նախևառաջ՝ այն պատճառով, որ նա արդեն իսկ ունի կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները, փոխանցում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզում բնակարանաշինության ծրագիրը ընդհատվել է’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում կթույլատրեն ծննդաբերել երկրորդ երեխային ‘