‘ԱԳՆ մամուլի խոսնակ. Չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում’

788

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի, և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին, «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։

Բալայանի խոսքով, դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։

Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ  ղեկավարները «Երկկողմ հարաբերությունների զարգացման» և «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» մասին արձանագրություններ են ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն, արդեն 2009 թ. դեկտեմբերի 7-ին Թուրքիան հայ-թուրքական գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` մի շարք նախապայմաններ առաջ քաշելով: 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առկախել է վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան, խախտելով պայմանավորվածությունները, մի շարք նախապայմաններ է առաջադրել: Այսօր հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են երկու խորհրդարանների մեծ օրակարգում: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Շահան Քանդահարյան. Հալեպում ապրող հայերը ծանր վիճակում են’