‘ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել. Այն կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին’

1189

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի սեփականատերը կդառնա գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲ ընկերությունը: Այն գույքը ձեռք կբերի 51 միլիոն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամով: Մինչեւ ապրիլի 30-ը «Տանգո» ընկերության հետ կկնքվի պայմանագիրը:

Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ մարտի 5-ին` ժամը 12:30-ին, պետք է կայանար շենքի աճուրդը, սակայն գնորդ չլինելու պատճառով այն չի կայացել: «Սկսած այն պահից, երբ կառավարությունը հայտարարեց, որ շենքը աճուրդի է հանվելու՝ բազմաթիվ հետաքրքվողներ կային, սակայն գործը բանակցություններից այն կողմ չանցավ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ, նոր աճուրդ չի լինի, իսկ շենքը մեկնարկային գնով կվաճառվի «Տանգո» ՓԲԸ-ին:

2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին (գրանցման վայրը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան): Օտարվող ընդհանուր տարածքը կազմել է 14,2 հազար քառակուսի մետր, Կառավարության որոշմամբ գործարքի գինը կազմում է  51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունները: Պայմանագրում ամրագրվել էր Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը պետք է լիներ միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո: Սակայն հետագայում` դեկտեմբերի 27-ին, Հայաստանի գործադիր մարմինը, հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունը, որոշեց ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը վաճառել դասական աճուրդի եղանակով, միաժամանակ, նախնական պայմանագիր կնքելով «Տանգո» ընկերության հետ: 

Նախորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյան. Պետք է մեր ժողովրդավարությունը համեմատենք մեր սպասելիքների հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա» — «Շախտյոր»՝ բացահայտ ֆավորիտ է համարվում Գերմանիայի չեմպիոնը’