‘ԱԳՆ շենքն աճուրդի կհանվի մարտի 5-ին’

763

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդը կկայանա մարտի 5-ին: Ըստ «Արմենպրես»-ի Պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ շենքի մեկնարկային գինը կլինի 51 միլիոն 270 հազար 840 ԱՄՆ դոլար: Եթե սահմանված գումարից ավելի գնով շենքը գնել ցանկացող լինի, ապա շենքը հենց նրան էլ կվաճառվի: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 2013թ. մարտի 4-ը` ժամը` 17:00-ն աճուրդային հանձնաժողովին կներկայացնեն մասնակցի վկայականի համար անհրաժեշտ փաստաթղթերը: 

2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին (գրանցման վայրը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան): Օտարվող ընդհանուր տարածքը կազմել է 14,2 հազար քառակուսի մետր, Կառավարության որոշմամբ գործարքի գինը կազմում է  51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունները: Պայմանագրում ամրագրվել էր Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը պետք է լիներ միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո: Սակայն հետագայում` դեկտեմբերի 27-ին, Հայաստանի գործադիր մարմինը, հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունը, որոշեց ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը վաճառել դասական աճուրդի եղանակով, միաժամանակ, նախնական պայմանագիր կնքելով «Տանգո» ընկերության հետ: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարը՝ քաղաքում ընտրությունների արդյունքների մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Վստահ եմ, որ «Միլանի» հետ պատասխան խաղում կշտկենք իրավիճակը’