‘ԱԳՆ տեղեկություններ չունի՝ արդյո՞ք Արևմտյան Բիրյուլյովոյում բախումներում տուժել են ՀՀ քաղաքացիներ ‘

880

Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք Արևմտյան Բիրյուլյովոյում (Մոսկվա) բախումների ընթացքում տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Մենք մշտական կապ ենք պահպանում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ` մանրամասները պարզելու նպատակով»,- նշել է Բալայանը` խոստանալով համապատասխան տեղեկատվություն հաղորդել դրա առկայության դեպքում:

Ռուսաստանի հայերի միությունում միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն չունեին՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում է:

Հիշեցնենք, որ լույս հինգշաբթի գիշերը Մոսկվայի հարավում՝ Արևմտյան Բիրյուլյովոյում, ենթադրաբար՝ միջինասիացի կամ կովկասցի անհայտ անձը դանակահարել է Եգոր Շչերբակով անունով երիտասարդին` վերջինիս ընկերուհու աչքի առջև, և թաքնվել: Կիրակի օրը շրջանի բնակիչները հավաքվել են` պահանջելով սպանության շուտափույթ հետաքննություն: Սակայն «ժողովրդական հավաքը» վերաճել է անկարգությունների, որոնց արդյունքում շուրջ 400 մարդ է ձերբակալվել: Հաղորդվել է 6 տուժած ոստիկանների մասին:

Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ  Ամինն իր հերթին միգրանտներին խորհուրդ է տվել առաջիկա օրերն ձեռնպահ մնալ Մոսկվայում զբոսանքներից և հասարակական վայրեր այցելելուց: Նա նախազգուշացրել է, որ Մոսկվայի տարբեր շրջաններում կարող են տեղի ունենալ հարձակումներ, ուստի միգրանտներն ու օտարերկրացիները պետք է խուսափեն հասարակական վայրեր այցելելուց:

      

Նախորդ հոդվածը‘Նավուրի բնակիչը վիրավորվել է ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’