‘Ագրարայինի անձնակազմը բողոքում է ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարության դեմ (Տեսանյութ)’

1019

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ 100 դասախոսներ ու ուսանողներ, այսօր առավոտյան կրկին հավաքվել էին համալսարանի բակում՝ բողոքելու նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ:

Համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են ներկայացնել շինարարության նախագիծ, ինչպես նաեւ բանվորական աշխատակազմի համապատասխան լիցենզիա: «Մենք վախենում ենք, որ թեթեւ քամուց այդ շինությունը փուլ կգա եւ բնականաբար, կվնասի կամ ուսանողությանը, կամ աշխատակիցներին, կամ իրենց»,- նշեց նա՝ հավելելով, որ այժմ իրենք փորձում են պետության կողմից իրենց տրված գույքը պահպանել:

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում է, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել   թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Լոպես. լավագույն սեյվերը (տեսանյութ)’