‘ԱԳՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ահաբեկչական հարձակումների վերաբերյալ’

1418

Արեւելյան  Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Հարձակումներ են կատարվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս դեպքերին նախորդել են «Նախախորհրդարան» հասարակական-քաղաքական միավորման անդամներին պատկանող մեքենաների հրկիզման դեպքերը:

Հարձակումների ժամանակագրությունը եւ ձեռագիրը, նշված դեպքերին երկրի օրենսդիր, գործադիր եւ իրավապահ մարմինների ոչ համարժեք արձագանքը, ինչպես նաև փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, իշխող կուսակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանի և Սեյրան Սարոյանի հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված կամ, առնվազն, հովանավորվող գործողություն է:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումները եւ իշխանություններից պահանջում է հանցագործությունների ամբողջական բացահայտում՝ ակնկալելով, որ կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն դրանք իրականացնողները, այլ նաև նրանց հովանավորները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Դեկտեմբերի 19, 2014

Երեւան

Նախորդ հոդվածը‘Է՞լ քանի նախապայման է Սերժ Սարգսյանն «անվիճելի» կերպով ընդունել ‘
Հաջորդ հոդվածը‘Մյունխենի «Բավարիան» 8-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել (տեսանյութ)’