‘ԱԳ նախարարը հանդիպել է համանախագահներին’

2118

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Փոխանցում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ըստ հաղորդագրության, հանդիպման ժամանակ Մնացականյանը եւս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Այս առումով, Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետեւանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: Թիրախավորվել է նաեւ խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջեւ կայանալիք հանդիպման նախօրեին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտգործնախարարների հանդիպման, այնպես էլ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ։  

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Երանոսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի անհավանական հակառեկորդը FIFA-ի մրցանակաբաշխությունում’