‘Ադամ Միխնիկ. «Չեխովն էր ասում, պետք է կաթիլ առ կաթիլ դուրս հանենք մեր մեջից ծառա լինելու երեւույթը»’

1408

 «Ոսկե Ծիրան»  11-րդ միջազգային  կինոփառատոնը հյուրընկալել  է նաև լեհ հայտնի քաղաքական գործիչ  Ադամ Միխնիկին: Վերջինս Լեհաստանի խոշորագույն օրաթերթի՝«Gazeta Wyborcza»-ի գլխավոր խմբագիրն է, պատմաբան, Բանվորների պաշտպանության կոմիտեի՝ KOR-ի համահիմնադիրը: Նա բազմիցս ձերբակալվել է 1965-1980 թթ., «Համերաշխության» ակնառու ակտիվիստ 80-ականներին, ընդհանուր առմամբ՝ վեց տարի է անցկացրել լեհական բանտերում կոմունիստական վարչակարգի դեմ ծավալած գործունեության համար: Մասնակցել է 1989-ի Կլոր սեղանի բանակցություններին, 1989-1991 թթ. եղել  ոչ կոմունիստական խարհրդարանի անդամ, լեհական առաջին անկախ թերթի՝ «Gazeta Wyborcza»-ի գլխավոր խմբագիր: Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի, Մինեսոթայի համալսարանի, Միչիգանի համալսարանի և Քոնեքթիթքութի քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան ունի, Լյուբլյանայի համալսարանի պատվավոր սենատոր է, Կիևի Մոհիլա ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր: 2011-ի սեպտեմբերին արժանացել է Գյոթե ինստիտուտի Գյոթե մեդալին: Անհամար էսսեների,  հոդվածների և գրքերի հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել են անգլերեն, ինչպես, օրինակ, «Բանտից գրված նամակները»: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ֆրանսիական PEN ակումբի պարգևին, Ռոբերտ Քենեդու անվան՝ մարդու իրավունքների մրցանակին, Էրազմուս մրցանակին, Ֆրանսիսկո Սերեսեդոյի անվան լրագրողական մրցանակին՝ որպես առաջին ոչ իսպանացի հեղինակ, Մեծ իշխան Գեդիմինաս շքանշանին, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է: Ահա թե ինչ է ասել նա լրագրողներին.  «Իմ ու հորս տարբերությունն այն էր, որ ես հավատում  էի` կարող է լինել լավ, ազնիվ կոմունիզմ, իսկ նա վստահ էր` Լեհաստանում դա անհնար է: Հայրս համոզում էր, որ հեռանամ Լեհաստանից, մեկնեմ Ֆրանսիա, կամ Միացյալ Նահանգներ, իսկ ես չէի ուզում: Պարզ ընտրության առաջ էի` մեկնել արտերկիր, թե մնալ հայրենիքում: Ընկերներիցս շատերը հեռացան, այսօր նրանք հայտնի պրոֆեսորներ են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, իսկ ես մնացի Լեհաստանում ու այսօր արդեն «կրիմինալ կերպար» չեմ համարվում: Երևի ամեն ինչ նախանշված էր, ու ես այլ ճանապարհ ընտրելու տարբերակ չունեի: Երկար տարիներ կարծես Պուշկինը լինեի` արտերկիր մեկնելու իրավունք չունեի: 1976 թվականին մեկնեցի Փարիզ, այնտեղ իմ առջև նոր աշխարհ բացվեց, ծանոթացա ֆրանսիացի մտավորականների, լեհ էմիգրանտների հետ, կապ հաստատեցի էմիգրանտական հրատարակությունների հետ: Բոլորը համոզված էին` երբեք չեմ վերադառնա Լեհաստան,պետք է տեսնեիք КГБ-ի ներկայացուցիչների զարմանքն ու ուրախությունը, երբ վերադարձա Վարշավա: Այո, որպես հիմնական զենք՝ գրիչն ու բառը ընտրեցի: Կարծում էի, որ բռնապետության դեմ պայքարի բոլոր ավանդական ձևերն արդեն սպառել են իրենց, ու պետք էր մի նոր միջոց գտնել: Մի բան, որը դանդաղ, բայց վստահորեն կարող է ռեֆորմ իրականացնել, այսինքն` բառը, խոսքը: Երբ պաշտոնյաների հետ հարցազրույց ես անում, նախապես պետք է ուղարկես հարցերը: Սա արդեն հարցազրույց չէ, այլ PR: Իսկական լրագրողը երբեք չպետք է նման հարցազրույց անի: Մինչ երկրի ազատությունն եք փնտրում, գտեք այն ձեր մեջ: Չեխովն էր ասում, պետք է կաթիլ առ կաթիլ դուրս հանենք մեր մեջից ծառա լինելու երեւույթը:Ամենասկզբում ծածկանվան տակ էի տպագրվում: Անկախ նրանից, ինչի մասին էի գրում, ստիպված էի ծածկանուն օգտագործել, որովհետեւ ազգանունս ցենզուրայից դուրս էր համարվում: Ադամ Միխնիկ` արդեն հերիք էր ինձ կալանավորելու համար:…Երբեք չեմ փոշմանել անցածս ծանր ուղու համար, չեմ զղջացել արարքներիս ու ընտրություններիս համար: Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչի միջով անցել եմ եւ հասել եմ մի կետի, երբ ամեն ինչ արդեն նորմալ է: Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է` սուտը սուտ է, բռնությունը` բռնություն, արյունահեղությունը` արյունահեղություն:

Բանտում գտնվելու տարիներին շատ եմ աշխատել ու գրել: Ընկերներիցս մեկն ինձ ասաց. «Ադամ, բանտը քեզ համար պարզապես հրաշք է` չկա օղի, չկան գեղեցիկ աղջիկներ ու հեռախոս, վերջապես կարող ես հանգիստ աշխատել»: Երբեք վրեժխնդիր մի եղեք: Երբ վրեժ ես լուծում` ատելության, բռնության ու դաժանության նոր շրջանի սկիզբ ես դնում»: 

Նախորդ հոդվածը‘Սևանից 170 մլն-ի փոխարեն բաց կթողնեն 245 մլն խ/մ ջուր’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.93 դրամ/դոլար’