‘Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը’

1670

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան ժամը 22։30-ին` Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ կանաչագույն լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և ընդգծել, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23.00-ին: Կրակոցները շարունակվել են մինչև ժամը 1:30-ը:

«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- ասել է նա:

Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակվում է մինչ այսօր:

«Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Քիչ առաջ մեր գյուղացի բնակիչը ուզում էր իր այգին էդ հրդեհից փրկի, կրակում են անընդհատ: Արդեն ոչ մեկն իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է»,- ասել է նա և հավելել, որ եթե կրակը երկար շարունակվի, հնարավոր է` մեծ նյութական վնաս հասցնի գյուղին:

Տավուշի մեկ այլ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հաստատել է, որ այս անգամ կրակոցները սովորականից անհամեմատ մեծաքանակ են եղել:«Տանիքները, պատերը ավերվել են, ի՞նչ կարամ ասեմ, կրակել են ու էն էլ` շատ: Պատկերացրեք, որ ամեն կրակոցով մի վնաս լինի՝ ինչ կլինի էդ տների վիճակը»,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30-ամյա կալանավոր է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Ուկրաինայի արևելքում երեք օրով երկարացրել է զինադադարը’