‘Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ ՀԿ-ի գծով հատուկ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու առաջարկ է արել’

939

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովին է ներկայացրել իր նոր առաջարկները, որտեղ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի լիազորություններն առաջարկվում են ընդլայնել: Այս մասին է տեղեկացնում ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով ԵԱՀԿ ՎԽ ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Մելլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովային:

Մուրադովան նշել է, որ առաջարկը կապված է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու հետ, որը հետագայում ավելի ակտիվորեն կզբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:

«Մենք գտնում ենք, որ հատուկ ներկայացուցչի լիազորությունները պետք է ընդլայնվեն: Դա շատ կարևոր է: Տեղի են ունենում նախագահների և նրանց ներկայացուցիչների ակտիվ հանդիպումներ, ընթանում են բանակցություններ: Որպեսզի ԵԱՀԿ ԽՎ չմնա պասիվ վիճակում, հարկավոր է ուժեղացնել հատուկ ներկայացուցչի ինստիտուտը, տրամադրելով նրան նոր լիազորութոյւններ: Այսպիսով, մենք կարող ենք սկսել քննարկումները, որոնք նախաձեռնել էինք Խորվատիայում: Դրանից հետո հնարավոր են համայնքների միջև հանդիպումներ, հատուկ ներկայացուցիչի տարածաշրջան այցելությունների վերաբերյալ փաստաթղթերի մշակում և արդյունքների քննարկում: Այս քայլերը հնարավորություն են ստեղծում ԵԱԿ ԽՎ կողմից բանակցային գործընթացին ակտիվորեն մասնակցելու համար: Դրանով ԵԱՀԿ ԽՎ կարող է իր ավանդը ներդնել այդ գործին: Մենք դա առաջարկել ենք»,-ընդգծել է փոխխոսնակը, միաժամանակ հավելելով, որ նշված առաջարկի կապակցությամբ դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել:

 

Նախորդ հոդվածը‘Չինացիները տարան Բեռլինալեի «ավարը» ‘
Հաջորդ հոդվածը‘ ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է բրիտանացի խորհրդարանականներին ‘