‘Ադրբեջանը հայ գերուն հանձնել է առողջական լուրջ խնդիրներով’

771

ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ավելի քան մեկ ամիս անց էր կացրել ադրբեջանական գերության մեջ և նախօրեին հայրենադարձվել է, ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Ինչպես Մեդիամաքսին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:

«Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից:

Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն: 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել այս տարվա հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն հանդես է եկել ռուսական նավատորմը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու առաջարկով’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան’