‘Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված իր դիվերսանտների հարցը’

1000

Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված իր դիվերսանտների հարցը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զինված հակամարտություններում խաղաղ քաղաքացիների պաշտպանության հարցերի քննարկմանը, հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտպանում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխանությունն ապահովելու դիրքորոշումը, որն անհրաժեշտ պայման է զինված հակամարտությունների զոհերին առնչվող իրավիճակի բարելավման համար:

Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, թե պատանդներ վերցնելը, նրանց կալանավորումը և հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են: Նա հայտարարել է, որ «միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ամենավերջին օրինակն Ադրբեջանի քաղաքացիներ Հասան Հասանովի, Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ անհամապատասխան վերաբերմունքն է»:

Ալիևը նշել է, թե այդ «քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել Ադրբեջանի` միջազգային ասպարեզում ճանաչված սահմանների ներսում»: «Ոչ ոք և ոչինչ, բացի Ադրբեջանի օրենքներից, չի կարող սեփական տարածքում Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում կամ արգելք սահմանել: Գուլիևի և Ասկերովի նկատմամբ դատավարությունն ու դատավճիռն անօրինական են», — հայտարարել է նա:

Ադրբեջանցի դիվանագետը մարդու իրավունքների պաշտպանության բոլոր համապատասխան միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջամտել և օժանդակել, այսպես կոչված՝ «խաղաղ քաղաքացիներին» կալանքից ազատելուն` քանի դեռ նրանք ողջ են:

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։ Իսկ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարի ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Էռնեստո Սաբատոյի «Թունելը»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. ԼՂՀ ոստիկանները «ոչ համաչափ բռնություն» են գործադրել’