‘Ադրբեջանը չի էլ ենթադրում, թե ինչ պատուհաս կարող էր բերել գլխին կրտսեր սերժանտ Րաֆֆի Հովհաննիսյանը’

1393

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է, որ 2002 թվականին, դառնալով ՀՀ քաղաքացի, անմիջապես դիմել է զինկոմիսարիատ, բայց ցավոք սրտի՝ տարիքը չի ներել զինվորական ծառայության անցնելու, և նա հիմա պահեստային զինծառայող է:

«ՉԻ» — Փաստորեն, Ադրբեջանը մեծ փորձանքից է պրծել: Դարավոր ոսոխը երևի չի էլ ենթադրում, թե ինչ պատուհաս կարող էր բերել գլխին կրտսեր սերժանտ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ճակատամարտի օրհասական պահին ներխուժելով հակառակորդի խրամատները և բոլորին ձեռքով բարևելով: Թշնամու շարքերում դա այնպիսի խուճապ կառաջացներ, որ պատերազմի ելքը միանգամից կկանխորոշվեր (չնայած՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներով կենսաբանական զենքի կիրառումն արգելված է):

Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն իսկական հայրենասերի պես է պահել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո դիմելով զինկոմիսարիատ: Հետո՞ ինչ, որ դա պարտադիր ընթացակարգ է, և զինապարտության տարիքի տղամարդկանց առանց դրա պարզապես ՀՀ քաղաքացիություն չեն տալիս: Քաղաքական գործչի մեծագույն արժանիքը հենց այն է, որ կարողանա իր ցանկացած արարքը ներկայացնել որպես մեծագույն հայրենասիրության դրսևորում»:

Նախորդ հոդվածը‘Կատուն տուն է վերադարձել անցնելով 220 կմ’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Կդիմի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ’