‘Ադրբեջանը պահանջում է զրկել Հայաստանին քվեարկության իրավունքից և հեռացնել ԵԽԽՎ-ի ղեկավար մարմիններից’

807

Ադրբեջանը դիմել է ԵԽԽՎ Բյուրոյին`Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հունիսի 22-ի երեկոյան Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ Գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Ադրբեջանական տարածքները զինված օկուպացիայի ներքո պահելու համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որի հեղինակը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովն է:
Բանաձևի նախագծում պահանջվում է պատժամիջոցներ կիրառել հայկական պատվիրակության նկատմամբ`ընդհուպ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դադարեցումը, ինչպես նաև զրկել վերջինիս քվեարկության իրավունքից և հեռացնել կառույցի ղեկավար մարմիններից: Համաձայն ընթացակարգի, ԵԽԽՎ Գործադիր կոմիտեն որոշել է բանաձևի նախագիծն ուղարկել ԵԽԽՎ Բյուրո`այն քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով: ԵԽԽՎ Բյուրոյի`հունիսի 27-ին կայանալիք նիստում վերջնական որոշում կկայացվի բանաձևի նախագծի առնչությամբ:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն իր հերթին Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տեղեկատվությունը, որ Վեհաժողովի Բյուրոյի նիստի օրակարգում ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկը:
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցին` ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ Վեհաժողովն արդեն ասել է իր խոսքը մի քանի տարի առաջ ընդունված համապատասխան բանաձևով: «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը բացարձակ գերակայություն է: Մենք կշարունակենք աշխատել այդ հարցի ուղղությամբ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան կապակցությամբ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները այցելել են բերման ենթարկվածներին ‘