Ադրբեջանը փորձում է դառնալ զարգացած Եվրոպայի մաս, միայն թե առանց դեմոկրատիայի

1504

Բաքուն տարբեր ժամանակաշրջանների եվրոպական ճարտարապետությամբ քաղաք է՝ քեբ-տաքսիներով և կարմիր հեռախոսախցիկներով, ինչպես Լոնդոնում է։ Ադրբեջանը փորձում է իր մոտ անցկացնել Օլիմպիական խաղերը, իսկ երբ չի ստացվում՝ անցկացնում է Եվրոպականը։ Այս պետությունը շատ է ուզում եվրոպական տեսք ունենալ և, միևնույն ժամանակ, այնպիսի քաղաքականություն է վարում, որը շատ քիչ ընդհանրություն ունի դեմոկրատական արժեքների հետ։

Եվրոպայի մաս լինելու՝ Ադրբեջանի ցանկությունը խիստ տարբերվում է իշխանությունների հռետորաբանությունից։ Կառավարամետ մամուլը (ըստ էության՝ ամբողջ մամուլը), պաշտոնյաները և նախագահն ինքը հաճախ են քննադատում Եվրոպան և դեմոկրատական արժեքները։ Իսկ հետաքննող լրագրողներն այդ ընթացքում Եվրոպայում հայտնաբերում են ադրբեջանցի պաշտոնյաների և նախագահ Ալիևի մերձավոր ազգականների փողն ու ունեցվածքը։

Քաղաքական տեսակետից Բաքուն մտադիր չէ համապատասխանել զարգացած արևմտաեվրոպական դեմոկրատիաներին, մամուլը հաճախ է քննադատում Արևմուտքի հավաքական կերպարը և նրան մեղադրում Ադրբեջանում «քայքայիչ գործունեության» և «թավշյա հեղափոխություն ներմուծելու» մեջ։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևի «Երկակի ստանդարտների աշխարհակարգը և ժամանակակից Ադրբեջանը» ծրագրային տեքստում առանցքային միտքն այն է, որ ամենատարբեր երկրներում հեղափոխական իշխանափոխության ետևում միշտ կանգնած են ԱՄՆ-ը և Եվրոպան։ Հենց նրանք էլ ֆինանսավորում են ադրբեջանցի իրավապաշտպաններին և ընդդիմությանը։ Սակայն նրանցից ոչ մեկն էլ ընդունակ չէ խարխլել «ժամանակակից անկախ Ադրբեջանի ամուր հիմքերը», որ կառուցել են Հեյդար և Իլհամ Ալիևները։

Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների գործունեությունը չափազանց դժվարացվել է։ Իրավապաշտպանները խոսում են հետապնդումների մասին, նույնիսկ նրանց, ովքեր հեռացել են հանրապետությունից, նշում են, որ որպես կանոն՝ Ադրբեջանում միշտ հարյուրից ավելի քաղբանտարկյալ կա, պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները, հարցաքննությունների ժամանակ խոշտանգումներ են կիրառվում։ Շատ լրագրողներ հեռացել են երկրից և շարունակում են աշխատել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում։ Freedom House-ի  դեմոկրատական ազատությունների վարկանիշում Ադրբեջանն զբաղեցնում է 209 տեղերից 193-րդ տեղը։ «Լրագողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշային ցուցակում այդ երկիրը 180 տեղերից 163-րդում է (համեմատության համար՝ հարևան Վրաստանը և Հայաստանը, համապատասխանաբար, 60-րդ և 63-րդ տեղերում են, Ռուսաստանը՝ 150-րդում)։

Նախագահ Իլհամ Ալիևը երկիրը ղեկավարում է արդեն 18 տարի, նրա օրոք սահմանադրությունում փոփոխություն կատարվեց, որը թույլ է տալիս նախագահին վերընտրվել երկու անգամից ավելի, իսկ նախագահական ժամկետը հինգ տարուց դարձավ յոթ տարի։

Ադրբեջանի վերնախավը անշարժ գույք է գնում այն երկրներում, որոնց քաղաքական համակարգը քննադատում է։ Օրինակ, OCCRP միավորման հետաքննող լրագրողները պարզել են, որ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անշարժ գույքի ընդհանուր արժեքը, մասնավորապես՝ Լոնդոնում և Կառլովի-Վարիում՝ Չեխիայում, կազմում է մոտավորապես 140 մլն դոլար։ Նրանք նաև պարզել են, որ Ադրբեջանի նախագահի հորեղբոր աղջիկը և նրա ամուսինը ավելի քան 20 մլն դոլարի ունեցվածք ունեն Լոնդոնում և Իբիցայում։

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հակասություն չի տեսնում իշխանությունների խոսքի և գործի միջև․ «Հակասությունները երևութական են։ Բանն այն է, որ Ադրբեջանի վերնախավի համար խորապես օտար են եվրոպական արժեքները, այդ վերնախավը Եվրոպայի նյութական ամեն ինչի երկրպագուն է՝ եվրոպական ավտոմեքենաներ, հագուստ, ոսկերչական իրեր, քեբեր, Փարիզի շենքերի տանիքների նման տանիքներով տներ։ Բայց այնպիսի բաներ, ինչպես արդար ընտրություններն են, անկախ դատարանը և քաղաքացու իրավունքները հարգելը, դրանք նրանց համար չեն, դա քաղաքական այլ մշակույթ է»։

Ըստ BBC-ի

Նախորդ հոդվածըԱրտեմ Պատապուտյանն ու Դեյվիդ Ջուլիուսը՝ Նոբելյան մրցանակակիրներ
Հաջորդ հոդվածըՏեղեկատվություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ