‘Ադրբեջանի զինուժը դիվերսիոն փորձ է արել, հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր’

1566

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում  է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը hակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Նախորդ հոդվածը‘Լավրովը ցավակցել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը փոքրիկ Սերյոժային (ուղիղ)’