‘Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանձնել թեկնածուի գրանցման փաստաթղթերը’

991

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը միավորում է մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական շարժումներ, այսօր ԿԸՀ է ներկայացնելու Ազգային խորհրդի նախագահ, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին նախագահի թեկնածու գրանցելու փաստաթղթերը, լրագրողներին հայտնել է ԺՈՒԱԽ-ի գործադիր մարմնի ղեկավար Էլդար Նամազովը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել է մայիսի 28-ին: Հուլիսի 2-ին հայտնի գրող և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, որն առավելապես հայտնի է որպես «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի սցենարի համահեղինակ, ընտրվեց այդ կառույցի կազմի մեջ մտնող բոլոր ուժերի միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում: Ըստ օրենքի՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող մասնակցել Ադրբեջանի ղեկավարի ընտրություններին: Իբրահիմբեկովը երկքաղաքացիություն ունի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի: Նա արդեն դիմել է Ռուսաստանի համապատասխան մարմիններին՝ իր ռուսաստանյան քաղաքացիությունը կասեցնելու խնդրանքով, սակայն Ռուսաստանի օրենսդրությունը նման որոշումների կայացման համար նախատեսում է վեցամսյա ժամկետ: Եթե Իբրահիմբեկովը չզրկվի Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Ադրբեջանի նախագահի ընտրություններում գրանցվելու համար անհրաժեշտ ժամանակաընթացքում, ապա չի կարող մասնակցել ընտրություններին: Նամազովը նշել է, որ օգոստոսի 26-ին նախատեսված է ԺՈՒԱԽ-ի հերթական նստաշրջանը և կառույցի կողմից ևս մեկ միասնական թեկնածուի առաջադրման նախաձեռնող խմբի նիստը՝ այն դեպքում, եթե ԿԸՀ-ն հրաժարվի գրանցել Իբրահիմբեկովի թեկնածությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչպես հրապուրիչ դարձնել գորշ պանելային շենքերը. Բեռլին ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալացի ուսուցիչն ապատեղեկություններ է հաղորդում համաշխարհային ԶԼՄ-ներին’