‘Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար, թալիշ անկախականների առաջնորդ Հումաթզոդան Արցախում է’

1594

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ներկայիս Ադրբեջանի հարավում 1993-ին հռչակված Թալիշ-Մուղանական հանրապետության նախագահ Ալաքրամ Հումաթզոդան (հումաթով): 1992-1993 թթ. լինելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ` նա ակտիվ մասնակցություն է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, սակայն այսօր Արցախում է, ինչպես ինքն է նշում`«տղամարդավարի կռվել է, հիմա էլ եկել է տղամարդավարի հաշտության ձեռք մեկնելու»:

«ԼՂՀ հռչակումը լավ օրինակ կարող է ծառայել թալիշների համար: Ապրելով մեր պատմական հողերում` այսօր մենք ոչ մի իրավունք չունենք, չունենք ուսումնական հաստատություններ, մեր երեխաներից շատերը չգիտեն մեր լեզուն, եւ հետզհետե ձուլվում ենք: Այսօր Ադրբեջանում ապրող թալիշները  ենթարկվում են ազգային  խտրականությունների, մասնավորապես` հայ-ադրբեջաական սահմանին հիմնականում ծառայում են թալիշները, թալիշների համար աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, մեծ թվով թալիշներ պարզապես արտագաղթում են: Դա հատուկ է արվում Ադրբեջանի կառավարության կողմից` թալիշների հարցին պարզապես վերջ դնելու նպատակով»,- Ստեփանակերտում հրատարակվող «Ապառաժ» պարբերականին ասել է Ալաքրամ Հումաթզոդան:

Նա չի թաքցրել իր հիացմունքը` հույս հայտնելով, որ այլեւս պատերազմ չի լինի եւ տարածաշրջանում վերջնական խաղաղություն կհաստատվի:

Ալաքրամ Հումաթովը  Ադրբեջանում մի քանի անգամ ձերբակալվելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում, այժմ էլ բնակվում է այնտեղ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները պաշտոններ են ստանում’
Հաջորդ հոդվածը‘2014-ի բյուջեի նախագծի համաձայն, տնտեսությունն աճել է 5,2%-ով’