‘Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ’

835

«Դուք ինձնից չեք լսի հարցի պատասխանը, թե որտեղ է Ադրբեջանի տեղը՝ Մաքսային միությա՞ն մեջ, թե՞ Եվրատլանտյան տարածությունում, սակայն մենք ուզում ենք, որ Ադրբեջանը լինի արևմտամետ: Սակայն դա չի նշանակում, որ կա՛մ ամեն ինչ Ռուսաստանի հետ, կա՛մ ոչինչ: Կարևորն այն է, որ Ադրբեջանն ինքնիշխան է ու անկախ և ինքնուրույն է որոշումներ ընդունում: Մեր 20-ամյա համագործակցությունն օգնել է Ադրբեջանի ինքնիշխանության պաշտպանությանը և երկրի անկախությանը»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

Խոսելով «907-րդ ուղղման» մասին, որով սահմանափակվում է ռազմական օգնությունն Ադրբեջանին, ԱՄՆ դեսպանը նշել է, որ «Անկախության աջակցման պակտի» վերացումը կախված է Կոնգրեսից, սակայն ԱՄՆ նախագահը ամեն տարի երկարացնում է նրա գործողության ժամկետը:

«907-րդ ուղղումն ազդում է Ադրբեջանին հատկացվող ռազմական սարքավորումների և մեխանիզմների մատակակարումների վրա: Մենք անում ենք ամեն ինչ՝ երկու երկրների զինվորականների միջև այդ հարցի իրավական կարգավորման համար»,- հայտարարել է Մորնինգսթարը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպան Մորնինգսթարը հայտարարել է. «Ես հասկանում եմ ադրբեջանական ժողովրդի հիասթափությունը, 20 տարի է անցել՝ կարգավորում այդպես էլ չկա: Սովորական մարդիկ հարցնում են, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի լուծում Ղարաբաղի հարցը: Սակայն եթե դրա լուծումը հեշտ լիներ, արդեն լուծված կլիներ: Դեռ 1990-ականների վերջին այն ժամանակվա պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախաձեռնությամբ Պետդեպարտամենտում Հեյդար Ալիևը բանակցում էր Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք սպասում էինք, որ հարցը կլուծվեր, սակայն դա տեղի չունեցավ»-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ հիմնական հարցն այն է, որ ավելի, քան մեծ պետությունների ղեկավարները, այդ ուղղությամբ քայլեր պետք է գործադրեն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները և վճռական քայլեր ձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ: Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է խնդրի կարգավորմանը, բայց դա չի լինում կախարդական փայտիկի թափահարմամբ: Բնակաբար, մեծ պետություններն ունեն իրենց շահերը, սակայն եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր գործադրեն, ապա մեծ պետությունները իրենց շահերը կհամապատասխանեցնեն այդ որոշումների հետ: Եթե երկու երկրների  ղեկավարները լուծման հանգեն, Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն կօգնեն նրանց:

Դեսպան Մորնինգսթարը հույս է հատնել, որ մոտակա ժամանակներում կհաջողվի կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, և նրանք վճռական քայլեր կգործադրեն հակամարտության կարգավորման համար:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է կանչել քրեական պատասխանատվության (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի նախկին նախագահին դատում են 719 եվրո կաշառքի համար’