‘Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել’

897

Երեկ Ադրբեջանում զենք և զինամթերք պահելու և մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է Bizim Yol թերթի լրագրող, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Փարվիզ Հաշիմլին:  Նրա հարազատները որևէ տեղեկություն չունեն, թե որտեղ է պահվում ձերբակալված լրագրողը:

Ոստիկանությունը հայտարարում է, որ  նրա տունը խուզարկելիս բազկաթոռի տակ,  իբր, նռնակ են հայտնաբերել, սակայն նրա հարազատները այդ հայտարարությունները սուտ են որակում՝ հայտարարելով, որ բնակարանում երբևէ զենք չի եղել:

Ձերբակալված լրագրողի եղբայրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վերջերս սպառնացել են Փարվիզ Հաշիմլիին կառավարության քննադատության և քաղաքական ակտիվության համար:

Նշենք, որ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալված լրագրողի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրում:

Bizim Yol թերթի աշխատակիցները ևս չեն հավատում ոստիկանության ներկայացրած մեղադրանքներին, սակայն հուսով են, որ նախաքննությունը կլինի օբյեկտիվ և անկողմնակալ:

Մամուլի պաշտպանության ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին չի մեկնաբանել այս ձերբակալությունը, սակայն իր մտահոգությունն է արտահայտել քաղաքացիական և մարդու իրավունքների բնագավառում ակտիվ լրագրողի ձերբակալության առթիվ: Մամուլի պաշտպանության ինստիտուտը մտադիր է ձերբակալված լրագրողին իրավական աջակցություն ցուցաբերել:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները քաղաքացիական անհնազանդության կոչ են արել ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը կբացվի Օհան Դուրյանի կիսանդրին’