‘Ադրբեջանում ընտրությունների արդյունքները հրապարակել են քվեարկության ավարտից առաջ’

1049

«Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Դրանց արդյունքներն առանց այդ էլ դիտորդների համար կասկած չէին հարուցում: Ճիշտ այնպես, ինչպես և այն, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը կարողանալու է երկարաձգել իր իշխանավարումը միայն ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծելու միջոցով»,-իր բլոգում գրել է ադրբեջանցի լրագրող Մովսուն Հաջիևը:

Երեկ երեկոյան պարզ է դարձել, թե ինչ թվեր են որոշել գրել վերջնական արձանագրություններում: «Գաղտնիքը» բացահայտվել է պատահաբար: Ադրբեջանի ԿԸՀ-ն հատուկ հավելված է մշակել Iphone-ի և Android-ի համար: Իրավիճակի նրբությունն այն է, որ հավելվածում նշված է եղել թեկնածուների ստացած քվեների թիվը: Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72,76 տոկոսը: Ադրբեջանական ընդդիմության միացյալ թեկնածու, պրոֆեսոր Ջամիլ Հասանլին տասն անգամ պակաս ձայն է ստացել՝ 7,4 տոկոս: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ. հավելվածում նաև նշված է, թե ո՛ր շրջանում քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը: Օրինակ՝ 58-րդ շրջանում, որտեղ 46 ընտրատեղամաս կա, եթե առավոտյան ժամը 10-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 28,94 տոկոսը, ապա ժամը 15.00-ի դրությամբ՝ այդ թիվն արդեն 38,2 տոկոս է: «Հիշեցնենք, որ ընտրությունները միայն այսօր են: Զավեշտն այն է, որ «Happy Baku» ընկերությունում, որտեղ մշակվել են հավելվածները, տեխնիկական սխալ են թույլ տվել և դրանք ակտիվացրել են քվեարկությունից մեկ օր առաջ: Հավելվածը նկատել են ադրբեջանական անկախ «Meydan TV» ինտերնետ կայքում: Լրագրողները նկարել են սքրինշոթերը և դրանք հրապարակել ֆեյսբուքում», լրագրողի նկատառումներ է փոխանցում ЭхоМосквы-ն:

Նախորդ հոդվածը‘GMP ստանդարտների պատճառով մի շարք դեղագործական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘Կովալենկո Շահգալդյանը դիզելային սկանդալի պատճառով հրաժարական տալու միտք չունի’