‘Ադրբեջանում մտադիր են «միջազգային օդանավակայան» կառուցել Աղջաբեդիում՝ «ի հակակշիռ» արցախցիների ‘

981

Բաքվում շարունակում են ներկայացվել հակահայկական զավեշտալի գաղափարներ: Ադրբեջանի R&R զբոսաշրջային ընկերության ղեկավար Ռուստամ Ահմեդովը Զբոսաշրջության միջազգային օրվա առնչությամբ Բաքվում անցկացվող միջոցառման ժամանակ առաջարկել է «ի հակակշիռ» Ստեփանակերտի օդանավակայանի` «միջազգային օդանավակայան» կառուցել Աղջաբեդիում (ԼՂՀ բռնազավթված Շահումյանի շրջանում): Նրա կարծիքով` դա «հանրամատչելի կդարձնի ղարաբաղյան թեման Ադրբեջանի զբոսաշրջային քաղաքականության մեջ»:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը: Ահմեդովը նշել է, որ «դա թույլ կտա Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում միջազգային մակարդակի միջոցառումներ անցկացնել»:

Ահմեդովի խոսքով` օդանավակայանի կառուցումն ու պահպանության միջազգային համակարգում ներառելը «կօգնի հաստատել Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին», ինչպես նաեւ «կկանխի Ղարաբաղն իրենց տարածքը ներկայացնելու հայերի փորձերը»:

Նշենք, որ «Արցախ Էյր» ավիաընկերության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը շահագործման կհանձնվի արդեն առաջիկա օրերին:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Կգաք երկուշաբթի, կտեսնեք, էլի, ով ոնց է քվեարկում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը հոկտեմբերի 11-ին է ‘