‘Ադրբեջանում տոնի պատճառով Կարմիր մահիկի ներկայացուցիչները չեն հանդիպել հայ գերու հետ’

827

Կարմիր Մահիկի ներկայացուցիչները շուտով հնարավորություն կունենան հանդիպելու հակառակորդի կողմը պատահաբար անցած հայ զինծառայողին, տեղեկացնում է eMedia.am-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այժմ ընթանում է նախաքննություն պարզելու, թե ինչպես ու ինչու է նա հատել Ադրբեջանի սահմանը։ Նրա մոտ որևէ փաստաթուղթ չի եղել ու մեր կողմին նա ներկայացել է որպես Գևորգ Ինջիղուլյան, սակայն որոշ լրատվականներ այլ կերպ են գրում նրա անունը»,- ասել է Ադրբեջանի Անհետ կորածների և գերիների հարցով պետական գործակալության քարտուղար Շահին Սաիլովը՝ հավելելով, որ Կարմիր Մահիկի ներկայացուցիչները շուտով արդեն Բաքու տեղափոխված հայ զինծառայողին հնարավորություն կունենան տեսակցելու։

«Կապված Ուրազա Բայրամի տոնակատարությունների հետ Ադրբեջանում չէր գործում Կարմիր Մահիկի գրասենյակը։ Եթե միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ցանկություն հայտնի վերադառնալու, ապա մենք կվերադարձնենք նրան, ամեն ինչ կախված է նրա ցանկությունից»,- եզրափակել է Շահին Սաիլովը։

Հիշեցնենք, որ 1991 թ. ծնված Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում։

 

Նախորդ հոդվածը‘Ջրաչափերը կտեղափոխվեն դուրս’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկո. «Փրփուրներից եք կախվում», իհարկե, թալանի նպատակով’