‘Ադրբեջանում ֆուտբոլի հանդիպումը վերածվել է իրավապահների եւ երկրպագուների բախման ‘

1027

Ադրբեջանի թալիշաբնակ տարածաշրջանի կենտրոն Լենքորանում տեղի «Խազար Լենքորան» եւ Բաքվի «Նեֆթչի» ֆուտբոլի թիմերի միջեւ հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի, վերածվել է երկրպագուների միջեւ բախման: Խաղի առաջին կեսն ավարտվելուն պես դատավորի գործողություններից դժգոհ «Խազար Լենքորան»-ի երկրպագուները հավաքվել են «Նեֆթչի»-ի` մոտ 50 երկրպագուների տրիբունաների առջեւ եւ թիմի դեմ լոզունգներ հնչեցրել:

Արդյունքում երկու կողմը սկսել են միմյանց վիրավորական արտահատություններ անել: Հետո նրանք ջարդել են նստարանները եւ նետել իրար վրա: Ոստիկանության աշխատակիցների միջամտությունն ավելի է կատաղեցրել երկրպագուներին: Նրանք հրդեհել են խաղադաշտի մի հատվածը: Ոստիկանության եւ ներքին զորքերի զինվորների օգնությամբ դժգոհ երկրպագուների մի մասին հեռացրել են խաղադաշտից: Երկրորդ խաղակեսը սկսվել է ուշացումով: Խաղն ավարտվելուց հետո երկրպագուները չեն ցանկացել հեռանալ խաղադաշտից: Այդ ժամանակ բախում է սկսվել նրանց եւ իրավապահների միջեւ: Արդյունքում ներքին զորքերի երեք զինծառայողներ, մեկ ոստիկան եւ մեկ երկրպագու վիրավորվել են:

Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ երկրպագուների: Բազմաթիվ երկրպագուներ դուրս են եկել Լենքորանի փողոցներ եւ փորձել անկարգություններ հրահրել, բայց ոստիկանությանը հաջողվել է կանխել այդ փորձերը: Միջադեպի հետեւանքով խաղադաշտին մեծ վնաս է հասցվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով ANS PRESS-ը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան Հայաստանում դեսպանություն կհիմնի ‘
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենի արձագանքը Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանն առնչվող մի շարք հնչեղ խնդիրներին’