‘Ադրբեջանցի բլոգերին ազատազրկել են 9 տարով. Ալիեւին քննադատելու պատճառով ‘

870

Այսօր ծանր հանցագործությունների գործով Բաքվի դատարանում ավարտվեց բլոգեր Ռաշադ Ռամզանովի (Ռաշադ Աղաադին) գործի քննությունը: Turan լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռամզանովը մեղադրվում էր թմրադեղերի անօրինական առևտրի մեջ:

Ռամզանովը հերքել է մեղադրանքը և հայտարարել, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, այն բանի համար, որ Facebook սոցիալական ցանցում քննադատական գրառումներ է թողել Ադրբեջանական իշխանությունների հասցեին:

Ռամզանովի փաստաբան Ազեր Նագիևը նույնպես հայտարարել է, որ մեղադրող կողմը չի ապացուցել Ռամզանովին հասցեագրված մեղադրանքները: Փաստաբանի խոսքերով, բոլոր մեղադրանքները հիմնված են ոստիկանների պնդումների վրա:

Նագիևը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե Ռամզանովի մոտ իրոք եղել են թմրադեղեր, ապա ինչո՞ւ քննությունը չի պարզել Ռամզանովի թմրադեղերի աղբյուրը: «Նրա տունը անգամ չեն խուզարկել»,- հայտարարել է Ռամզանովի փաստաբանը:

Այնուամենայնիվ, դատարանը բլոգերին դատապարտեց 9 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով հատկապես մեծ քանակության թմրադեղերի անօրինական պահման և վաճառքի մեջ: Ավելի վաղ դատախազը նրա համար պահանջել էր 10 տարվա ազատազրկում (այդ հոդվածով պատժի առավելագույն չափը 12 տարի ազատազրկումն է):

Հիշեցնենք, որ Ռամզանովը ձերբակալվել էր այս տարվա մայիսի 9-ին: Ոստիկանության պնդմամբ, Ռամզանովի մոտ հայտնաբերել են 9 գրամ հերոին: Ռամզանովը, սակայն, պնդում է, որ թմրադեղերը իր մոտ «գցել են» քաղաքական դրդապատճառներով: Բլոգերը Ադրբեջանում հայտնի է իշխանությունների նկատմամբ Facebook-յան կոշտ քննադատության շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Փոխքաղաքապետը բնակիչներին. Եթե մարմնավաճառներին դիմացել են, կամուրջին էլ կդիմանան’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’