‘Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները դիմել են ԿԽՄԿ-ին’

1116

Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, սպանված Հասան Հասանովի ընտանիքի անդամները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետհանձնաժողովին:

Աղբյուրի համաձայն, Հ. Հասանովի եղբայր Նաիլ Հասանովը նշել է, որ սպանվածը ծնվել է 1978 թ. Ջաբրաիլի շրջանի Մեհդիլի գյուղում: «Մենք չգիտեինք, որ նա մեկնել է Քարվաճառ: Նա մեզ ասել է, թե գնում է Թուրքիա: Այն, որ սպանվածը մեր եղբայր Հասանն է, մենք տեղեկացել ենք մամուլից: Մենք չգիտեինք  Դիլհամի և Շահբազի հետ նրա կապերի մասին, որոնց հետ նա մեկնել է Քարվաճառ»:

Դիլհամ Ասկերովի որդին` Քյուրդօղլու Ասկերովն իր հերթին հայտնել է, որ հոր մասին տեղեկացել է ինտերնետից: «Հայրս հաճախ էր մեկնում Ռուսաստան: Մենք կարծում էինք, թե նա այնտեղ է գտնվում: Ավելի ուշ ինտերնետում կարդացինք, որ նա մեկնել է հարազատ Քարվաճառ»:

Նշենք, որ անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» զեկույցները’