‘Ադրբեջանցի իրավապաշտպանները կալանավայրերից «սատարում» են Իլհամ Ալիևին’

1664

Ադրբեջանցի իրավապաշտպանները, մեկը մյուսի ետևից՝ «դիմում» են իրենց երկրի նախագահ Իլհամ Ալիևին և իրենց համակրանքն ու աջակցությունն են հայտնում նրա վարած քաղաքականությանը:

Այսպես, ըստ haqqin.az-ի՝ այսօր քննչական մեկուսարանից նախագահին է դիմել «Աջակցություն ժողովրդավարությանը» հասարակական միավորման նախագահ, իրավապաշտպան Էմիլ Մամեդովը: Նամակում նա հավաստիացնում է, որ քննչական մեկուսարանում գտնվողներն ուշի ուշով հետևում են ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում ծավալվող իրադարձություններին: «Համոզված ենք, որ մեր բանակը, որ ստեղծվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից, հաղթանակի կհասնի թշնամու նկատմամբ: Ինչպես և ադրբեջանցի ամբողջ ժողովուրդը, մենք նույնպես սատարում ենք երկրի գերագույն գլխավոր հրամանատարին: Եւ ես անձամբ, որպես քաղաքացի և իրավապաշտպան, ի տարբերություն նրանց, ովքեր ջուր են լցնում թշնամու ջրաղացին, միշտ էլ պաշտպանել եմ Ձեր քաղաքականությունը, որն ուղղված է մեր հանրապետության զարգացմանը և առաջընթացին»:

Մամեդովի օրինակին է հետևել մեկ այլ իրավապաշտպան՝ Հասան Հուսեյնովը, որը կալանավայրից դիմելով Ալիևին՝ նախ հերքում է արտասահմանցի մի շարք քաղաքական գործիչների տեղեկություններն այն մասին, թե իր կալանավորումը քաղաքական բնույթ ունի, ապա նույնպես անդրադարձ է կատարում սահմանային լարվածությանը: Իրավապաշտպանը նշում է, թե այն փաստը, որ ադրբեջանական բանակը ամենակարճ ժամանակում կարողացավ կանխել հայկական դիվերսիան և վերականգնել վերահսկողությունը շփման գծում, «ապացույցն է այն բանի, որ ադրբեջնական բանակը, իր գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հետ միասին, հանդիսանում է ուժեղ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը»: «Այդ փաստը, որ առաջին հայացքից՝ կարող է սովորական ռազմական հաջողություն համարվել, իրականում Ստրասբուրգում Ձեր այն ծանրակշիռ փաստարկների վառ ապացույցն է, որ Ադրբեջանը անկախ և հզոր պետություն է և ի վիճակի է վճռելու սեփական ճակատագիրը»:

Նախորդ հոդվածը‘Գաղտնի տեղեկատվության արտահոսք, որ կապ չունի Սնոուդենի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի նախագահը կոչ է արել բամբասանքի համար պատժել պետծառայողներին’