‘Ադրբեջանցի պատգամավորները քննադատել են Աքրամ Այլիսլիի սկանդալային վեպը’

858

Այսօր կայացած նիստում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոք են հայտնել Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» սկանդալային ստեղծագործության առիթով: Այլիսլիի այս վեպը ծառայում է հայկական գաղափարախոսությանը, այն վիրավորում է ադրբեջանական ժողովրդի զգացմունքները, հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը և հավելել, որ Այլիսլին իրավունք չունի կրելու ժողովրդական գրողի կոչումը: «Նա բացահայտորեն արդարացնում է հայկական օկուպացիան և հայկական անջատողականությունը ու հիմքեր ստեղծում Ադրբեջանի տարածքների նկատմամբ Հայաստանի նկրտումների համար»,-ասել է Ահմեդովը և հավելել, որ այդ վեպը երբեք Ադրբեջանում չի տպագրվի:

«Փաստորեն՝ սա հայերի օկուպացիոն քաղաքականության արդարացումն է: Այլիսլին Նախիջևանը և Ղարաբաղը ներկայացնում է որպես «հայկական հողեր»,- ասել է պատգամավոր Մուսա Գուլիևը՝ համոզմունք հայտնելով, որ այդ վեպը նսեմացնում է Ադրբեջանի ազգային-մշակութային արժեքները, հաղորդում է Trend-ը:

Մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովն էլ ընդգծել է, որ Աքրամ Այլիսլիի արածն իսկական անշնորհակալության ապացույց է: «Ստեղծագործության գաղափարը հստակ է՝ ստորացնել ադրբեջանական ժողովրդին: Կարծում եմ՝ Աքրամ Այլիսլիին հարկավոր է զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից: Թող ծառայի Երևանի եկեղեցիներից մեկում»,- ասել է Ջաֆարովը: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը դեռ չի որոշել՝ հետաձգե՞լ նախագահական ընտրությունները, թե՞ ոչ ‘
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ դիմելու դեպքում ընտրությունները հնարավոր է հետաձգվեն’