‘Ադրբեջանցի քաղաքագետ. Վրաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում լրիվ հայամետ է’

853

ԼՂ հակամարտության հարցում Վրաստանի ղեկավարության դիրքորոշումը դարձել է միանգամայն հայամետ, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: Նա հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Համայն վրաց պատրիարք Իլիա երկրորդի հանդիպումից հետո որոշ լրատվամիջոցներ տարածել էին, թե իբր Իլիա պատրիարքը հայտարարել էր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, ինչպես Աբխազիան եւ Հվ-ին Օսիան՝ Վրաստանին: Կարճ ժամանակ անց, սակայն, պատրիարքի ներկայացուցիչը հերքել էր այդ լուրը: Նմանապես, ելույթ ունենալով Լիտվայի Սեյմում, Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն իբր իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբեողջականությանը: Վրաստան ժամանելուց հետո, սակայն, տիկին նախարարը հայտարարել էր, թե  ԼՂ հարցում Վրաստանը բացառապես չեզոք դիրքորոշում ունի:

«Հայաստանում գտնվելով, վարչապետ Իվանիշվիլին Հայաստանին ձեռնտու տեսակետ է հայտնել Լեռնային Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ», — ավելացրել է Մուբարիզ Ահմեդօղլուն:

Ըստ նրա, կարելի է համարել, որ դա ողջ վրաց ժողովրդի տեսակետն է, քանի որ Սաակաշվիլիի իշխանությունը նույնպես նման դիրքորոշում ուներ:

«Ադրբեջանին մնում է միայն շնորհակալություն հայտնել Վրաստանին: Ադրբեջանի բնակչության մեծ մասը հավատում էր այդ երկրին՝ նրա քաղաքականությունը ԼՂ հարցում համարելով ադրբեջանամետ», — նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է հետեւություններ անի այս ամենից՝ ելնելով այն բանից, որ սա Վրաստանի հայամետ դիրքորոշումը մշտական բնույթ է կրելու եւ դրդված չէ կոնկրետ քաղաքական ուժի՝ որոշակի ժամանակահատվածի համար առաջացած նկատառումներից:

«Ադրբեջանը պետք է միջոցառումների ծրագիր մշակի՝  ի պատասխան ղարաբաղյան գործընթացում Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխության: Այդ ծրագիրը չպետք է փոփոխություն կրի՝ կախված այն բանի, թե որ քաղաքական ուժն է Վրաստանում իշխանության գլուխ կանգնած», — եզրափակել է Ահմեդօղլուն:

 

Նախորդ հոդվածը‘Մաեստրո Չավին դարձավ 33 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում 110 մարդ է վիրավորվել ոստիկանության հետ բախման հետեւանքով’