‘Ազատամարտիկները կիրագործեն «Առաջին գծի» ծրագիրը’

1502

Այսօր Ազատամարտիկների դաշտային խորհուրդը կազմակերպել էր «ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումը Աստանայում» թեմայի շուրջ քննարկում: «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ երկրում տիրող իրավիճակի պատճառը այն է, որ ներկա քաղաքական էլիտան այլասերվում է, ինչի հիմնական ցուցանիշը հերոսի բացակայությունն է: «Ամեն արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ մեր ներքին քաղաքականության ողբերգականությունը այսօր անվիճելի է, որովհետեւ 100 հազարավոր հայորդիներ այսօր հերթի են կանգնած` օտար երկրի քաղաքացիություն ստանալու եւ հայրենիքը լքելու համար»,- նշեց նա:

«Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Տարոն Սարգսյանը իր հերթին նշեց, որ պետք չէ արտաքին որոշումներ կայացնելու իրավունքը հանձնել որեւէ գերտերության կամ վերպետական կառույցի: «Մաքսային միություն մտնելով մենք գնում ենք այդ քայլին` մեր որոշում կայացնելը հանձնելով այդ կառույցին»,- հավելեց նա:

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը իր խոսքում ողջունեց ազատամարտիկների՝ առաջին գիծ ստեղծելու գաղափարը` նշելով, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության գծում ոչ ոք չկա:

Դաշտային խորհրդի անդամ Լեռնիկ Մաղաքյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին գծի գաղափարը իրենից ենթադրում է ոչ միայն սահմանային գիծը, այլ նաեւ պայքարը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության դեմ: Նրա խոսքով` ազատամարտիկները նպատակ են հետապնդում կանխելու այս թալանը եւ համախմբելու բոլոր ազնիվ եւ արդար մարդկանց: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այսօրվանից նախատեսվում է իրականություն դարձնել այս ծրագիրը, ինչի նպատակով էլ իրենք նախաձեռնել են մարզային այցելություններ:

Նախորդ հոդվածը‘Նիգերիա. «Բոկո Հարամի» գրոհայիններն առևանգել են 20 կանանց’
Հաջորդ հոդվածը‘Երևանի մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինի’