‘Ազատամարտիկների դաշինքը օրինակարգ իշխանության ձեւավորման խնդիր է դնում (տեսանյութ)’

2071

Ազատամարտիկների դաշինքը շարունակում է հանդիպումները Հայաստանի մարզերում: Արցախյան պատերազմին մասնակցած 42 հրամանատարների ղեկավարած դաշինքն այսօր հերթական հանդիպումն էր կազմակերպել Աշտարակում, որի ընթացքում ներկայացվեցին Դաշինքի ծրագրերը:

Թեեւ հանդիպման ընթացքում ելույթ ունեցողները նշեցին, որ քաղաքական հավակնություններ չունեն՝ քաղաքականությունը թողնելով քաղաքական ուժերին, բայց գրեթե բոլոր ելույթներում ընդգծվեց, որ երկրում առկա խնդիրների պատասխանատուն գործող իշխանություններն են:

Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը, մասնավորապես, նշեց, որ լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունները երկրի համար խնդիրներ են ստեղծում արտաքին աշխարհում:

«Վերջին տարիներին աշխարհը մեր հանդեպ պարտադրողի եւ արհամարհողի քաղաքականություն է վարում, ինչը մենք անթույլատրելի ենք համարում: Իշխանությունները վերարտադրվում են՝ խախտելով օրենքը, արհամարհելով քաղաքացուն, որն էլ ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ: Պետք է օրինակարգ իշխանության ձեւավորման միջոցով վերականգնել խախտված սահմանադրական կարգը: Մեր երկրում ընտրությունները պետք է տեղի ունենան առավելագույնս արդար, վերահսկելի պայմաններում: Ցանկացած նախագահ պետք է գիտակցի, որ այս հասարակության ծառան է», — նշեց Սարգսյանը:

Մարտական խաչի ասպետ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ տարիներ ի վեր երկիրը թալանելու հաշվին հարստացած անձինք իրավունք չունեն կրկին հավակնելու բարձրագույն պաշտոնների: Նրա խոսքով՝ ազատամարտիկները հասարակության հետ համախմբված պետք է վերահսկեն քաղաքական գործընթացները, որպեսզի որեւէ մեկը չփորձի չարաշահել իշխանությունը, հակառակ դեպքում, ըստ նրա, պետք է «այդ մարդու տակից աթոռը հանել եւ գլխին տալ»:   

Արմավիրի «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն իր խոսքում եւս համախմբվելու կոչ արեց:  Նա ցավով նշեց, որ երկրի պաշտպանության համար մարտնչած զինվորներն այսօր թշվառության մեջ են, իսկ ինչ-ինչ ճանապարհներով իշխանության եկած մարդիկ արհամարհանքով են վերաբերվում ազատամարտի զինվորների հարազատներին:

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն իր ելույթում նշեց, որ երկրի սահմանադրական կարգի վերականգման համար պայքարը պակաս կարեւոր չէ արտաքին հակառակորդի դեմ, երկրի սահմանների պաշտպանության համար մղված պայքարից: Նրա խոսքով` նահանջի տեղ այլեւս չկա՝ պետք է մի վերջին անգամ կռիվ տալ հանուն ազատության: «Պայքար, պայքար մինչեւ վերջ», — իր ելույթը հայտնի կոչով ավարտեց Մալխասյանը:  

Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն իր հերթին համախմբման կոչ արեց: Նրա կոչով հավաքի մասնակիները հանդիսավորապես երդվեցին՝ վճռական պայքար մղել հանուն արդարության ու սահմանադրական կարգի վերականգնման:

Նշվեց, որ մի քանի շաբաթ անց, մարզային հանդիպումների ավարտից հետո Դաշինքը համընդհանուր հավաք կանցկացնի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նախորդ հոդվածը‘«Псковская губерния». Ուկրաինայում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է օդա-դեսանտային վաշտը’
Հաջորդ հոդվածը‘Ա.Օսիկյանը նշանակվել է քրեակատարողական վարչության պետ’